Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Յուլյա Ֆինկը, ով այժմ որպես հաղորդավարուհի է ներկայանում Արմենիա հեռուստաընկրության «Բարի լույս» հաղորդման խոհանոցային հավելվածում:

 

-Յուլյա, «Աբելի քույրը» հեռուստասերիալի ավարտից հետո Ձեզ այլ նախագծերում չենք տեսնում: Այս պահին այլ առաջարկներ չունե՞ք:


-  Որպես դերասանուհի՝ հիմա որեւէ զբաղվածություն չունեմ, սակայն աշխատում եմ որպես հաղորդավարուհի՝ վարելով «Բարի լույս» հաղորդման խոհանոցային էջը: Հեռուստասերիալներից այս պահին մի քանի առաջարկներ ունեմ, սակայն ինքս չեմ ուզում նկարահանվել:

 

-Ինչի՞ հետ է կապված Ձեր այդ որոշումը:


-    Նախ, որովհետեւ չկան այն մակարդակի սերիալներ, որտեղ կցանկանայի խաղալ: «Աբելի քույր»-ում համաձայնեցի նկարահանվել, քանի որ երկար ժամանակ չէի խաղում ու հասկացա, որ տանը նստելով էլ չեմ կարողանում, բացի այդ, առաջարկված դերն էլ հետաքրքրեց ինձ: Հիմա եթե լինի մի քանի մասանոց սերիալի հետաքրքիր առաջարկ, գուցեեւ չմերժեմ, բայց եթե ինձ կրկին ու կրկին չառաջարկեն ներկայանալ մայրիկի դերով: Մեր իրականության մեջ այդ միտումը կա՝ բավական է մեկ անգամ մի կերպարով հանդես գաս, դրանից հետք անդադար նույնատիպ կերպարներ են առաջարկում: Հիմա այլեւս հաստատ մամայի դերով հանդես չեմ գա, քանի որ դա արդեն տաբու են դարձնում: Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա:  Կարծում եմ, կարճ սերիալները եւ ժամանակ են խնայում, եւ ավելի լուրջ մոտեցում են ենթադրում աշխատանքի նկատմամբ: Երկարաշունչ սերիալները հիմնված են արագության վրա, շատ ժամանակ չես կարողանում տրամադրել դերիդ վրա: Սերիալը արագ ստացվող արտադրանք է, որը վնասում է ողջ թիմի աշխատանքային որակը: Երբ մեկ օրում մի քանի տեսարան պետք է նկարահանվես, այն էլ իրարից տարբերվող տեսարաններ, ուրմեն որքան էլ լավ աշխատես ու ջանք ներդնես, միեւնույն է, լավ արդյունք չես ստանա:

 

-Շատ դերասաններ սրտնեղում են, որ հեռուստատեսային ֆիլմերում մեծ ներգրավվածություն ունեն մասնագիտությամբ ոչ դերասանները. Այդ միտումը Ձեզ եւս խանգարում է աշխատել:


-   Իհարկե, դա շատ կարեւոր խնդիր է: Էլ ավելի լուրջ խնդիր է, երբ այդ ոչ դերասանները վարակվում են աստղային հիվանդությամբ ու իրենք համարում են, որ կարող են շատ պրոֆեսիոնալների հետ հանդես գալ ու նույն մակարդակի վրա լինել: Թեեւ միշտ էլ ասել եմ ու կկրկնվեմ, որ լինում են դեպքեր, երբ մարդը չունի կրթություն, բայց իր բնությամբ դերասան է ու իր տաղանդը առանց դիպլոմի կարող է ցույց տալ: Նման դեպքեր լինում են, կան անգամ նման օսկարակիր դերասաններ, սակայն դա շատ խիստ հազվադեպ հանդիպող երեւույթ է հատկապես մեր իրականության մեջ: Ես առաջարկ ստանալիս անպայման հարցնում եմ, թե ովքե՞ր են մասնակցելու եւ ո՞վ է նկարահանելու:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։