Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Վլադիմիր Բարխոյանի հետ' իր ստեղծագործական դադարի, առաջիկա ծրագրերի, Մարգարիտա Բարխոյանի հետ կրկին զուգերգով հանդես գալու և անձնական կյանքի մասին:

 

«Առաջին հերթին կցանկանամ նշել, որ թե ես, և թե Մարգարիտան, ինչպես մեր ստեղծագործական կյանքի առաջին օրվանից, այնպես էլ ներկայումս շարունակում ենք միասին աշխատել, պարզապես դեռ մեր աշխատանքը տեսանելի չէ: Իհարկե, այս տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մենք որպես անհատ երգիչ և երգչուհի ենք ներկայացել, բայց հիմնականում գերադասում ենք աշխատել միասին»,- մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիրը' տեղեկացնելով, որ շուտով պատրաստ կլինեն իր երկու նոր երգերը, որոնց հեղինակը Մարգարիտա Բարխոյանն է:

 

«Այս պահին Մարգարիտան ինձ համար երկու նոր երգ է գրել, որոնք արդեն աշխատանքային պրոցեսի մեջ են, այսինքն' գործիքավորում, ձայնագրություն և այլն»,- մանրամասնեց երգիչը:

 

Անդրադառնալով տևական ժամանակ նոր տեսահոլովակով հանդես չգալու փաստին' Վլադիմիրը նշեց.


«Առայժմ ես չեմ ցանկանում տեսահոլովակ նկարահանել, քանի որ դեռ չկա այն երգը, որի հիման վրա ես ի սրտե կցանկանամ, որպեսզի տեսահոլովակ նկարահանվի,- պարզաբանեց Վլադիմիրը' հստակեցնելով, որ միշտ երազել է ունենալ գեղեցիկ սիրո մասին երգ, որը կլինի մեղեդային և ռոմանտիկ ոճի մեջ:


Երգչի խոսքով' թեև արդեն տևական ժամանակ է, ինչ իր մոտ ստեղծագործական դադար է, սակայն դա պատճառ չի կարող հանդիսանալ, որպեսզի իր հանդիսատեսը մոռանա իրեն.

 

«Կարծում եմ' այն մարդիկ, ովքեր սիրել և գնահատել են իմ ու Մարգարիտայի երաժշտությունը, երբևէ չեն մոռանում մեզ, հակառակը, նույնիսկ տարիներ անց նրանք հիշում և սիրով են արտահայտվում մեր մասին»,- ասաց Վլադիմիր Բարխոյանը' շարունակելով.


«Պարզապես կյանքում գալիս է մի պահ, երբ մարդ հասկանում է, որ իր անձնական կյանքը մի փոքր ավելի հետ է մնացել և պետք է ուշադրությունը սևեռել հենց դրա վրա: Դա է պատճառը, որ ստեղծագործական գործունեությունն անցնում է հետին պլան»,- նշեց Վլադիմիրը:

 

Իսկ արդյոք այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ իր անձնական կյանքում հաճելի փոփոխություն է եղել, երգիչը տվեց իր դրական պատասխանը.

 

«Կասեմ միայն, որ սիրում եմ և սիրված եմ ու կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Վլադիմիրը'չցանկանալով, սակայն, բացահայտել, թե ով է իր սիրելին:

 

«Ամեն ինչ իր ժամանակն ունի, երբ իմ կյանքում լուրջ փոփոխություն լինի, իսկ այդ փոփոխությունն այդքան էլ չի ուշանա, բոլորն էլ այդ մասին կտեղեկանան»,- ժպիտով ասաց երգիչը:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում