Ռուս հայտնի գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Երևանում «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոուի ընթացքում իր սահքը նվիրեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին՝ խորհրդանշական կերպով պատկերելով մոխրից ու փլատակից հառնող ու կյանքը շարունակող մարդուն: Շոուի ընթացքում հնչում էր կենդանի կատարում. բեմում էր երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան):

 

«Այս համարը մոտ է ինձ ու հարազատ, սահել եմ նվիրումով ու ողջ հոգով: Դրա հիմքում այն գաղափարն է, որ կյանքը շարունակվում է, առաջ ենք գնում, ունենք երեխաներ, ապրում ենք հանուն նրանց ու ապագայի: Խաղաղություն, սեր ու հանգստություն բոլորիս»,- նշել է Պլյուշչենկոն:

 

Յուրահատուկ իրենց սահքով հիացրին Հայաստանի չեմպիոն Անաստասիա Գալուստյանը, գեղասահորդներ Սլավա Հայրապետյանը, Ալեքսանդր Լյուբչենկոն, Ֆլորան Ամոդիոն, Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ադելինա Սոտնիկովան, այլք: Կատարումներով զարմացրին նաև Եվրոպայից հրավիրված սահորդները:

 

Շոուն ուղեկցվում էր նորաձևության ցուցադրությամբ. հայ մոդելավորողները պոդիում էին բարձրացրել 2017 թվականի իրենց հավաքածուները: Մարզահամերգային համալիրն իր հարկի տակ էր միավորել հայտնի աստղերի՝ Իվետա Մուկուչյանին, Մարիամ Մերաբովային, Սոնային, Քսենոնային, Ալյոնա Վասիլևային և վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանին: Սառցե շոուի այս յուրատեսակ ձևաչափն իրականացվել էր հատուկ հայ հանդիսատեսի համար: