Անի Լուպեն ծնվել է 1984թ. հունիսի 15-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի թիվ 117 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Երևանի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և վոկալի բաժիններում: Հաճախել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ստուդիայի ժողովրդական պարերի դասարան: 2001-06թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի ֆակուլտետում: Ուսմանը զուգընթաց աշխատել է Երևանի Կամերային երաժշտական թատրոնում` որպես դերասանուհի: 2009թ-ից աշխատում է Երևանի Կամերային պետական թատրոնում: Խաղացել է «Կաբառե», «Կառավարական համերգ», «Ներոն», «Շատ love story» և այլ ներկայացումներում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն երիտասարդ դերասանուհի:
Ներկայումս նկարահանվում է «Ազիզյանները» սիթքոմում:
Ինչու Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե:
Բեմական կեղծանունդ ինչպիսի նախապատմություն ունի՞:
«Գուանտալուպե՝ սիրո աստվածուհի: Կրճատ՝ Անի Լուպե: Այս անունը ինձ տվեց իմ շատ լավ ընկեր, երաժիշտ Վիկտոր Արմանդո Ռոջասը, որի հետ համագործակցել ենք երեք տարի շարունակ իսպանական կենտրոնում: Նրա մեկնելուց հետո ես շարունակեցի կրել այս կեղծանունը, որը իսկապես ինձ հաջողություններ բերեց»:
Հարցազրույցներից մեկում Անին ասել է , որ ոչ մի դերից չի հրաժարվել և չի հրաժարվի, քանի որ գնահատում և սիրում է այն ռեժիսորներին, որոնք իրեն դեր են վստահում: