Արդեն տևական ժամանակ է, ինչ երգչուհի Աննա Խաչատրյանը հանդես չի գալիս նոր աշխատանքներով և տեսահոլովակով: Life.panorama.am-ը կապ հաստատեց Աննայի հետ' ճշտելու իր ժամանակավոր լռության, հետագա անելիքների, անձնական կյանքի և այլ թեմաների մասին:

 

«Ստացվել է այնպես, որ այս պահին որպես այդպիսին ոչնչով զբաղված չեմ: Դեռ ամիսներ առաջ ցանկություն կար նոր տեսահոլովակ նկարահանելու, բայց հետո, չգիտես ինչու, փոշմանեցի: Սրանով հանդերձ, սակայն, իմ երգացանկը պարբերաբար թարմացվում է թե իմ սեփական երգերով և թե համաշխարհային հիթերի cover-ով: Այսինքն' այնպես էլ չէ, որ ոչինչ չեմ անում»,- իր լռությունն այսպես մեկնաբանեց Աննա Խաչատրյանը:

 

Երգչուհին իր լռությունը բացատրեց նաև ամիսներ առաջ հանդիսատեսի առջև որպես դերասանուհի ներկայանալու հանգամանքով.

 

«Երկար ժամանակ է, ինչ նկարահանվում էի «Վենդետտա» սերիալում, որը բոլորովին վերջերս է ավարտվել»,- ասաց երգչուհին' ավելացնելով. «Սերիալում նկարահանվելու իմ առաջին փորձն էր, որը, պետք է խոստովանեմ, ինձ շատ դուր եկավ: Նկարահանումները շատ հետաքրքիր էին անցնում, ինչպես նաև, ամենակարևորը, մասնագիտական առումով շատ բան սովորեցի, ինչը պայմանավորված էր խաղընկերներիս' մասնագիտությամբ դերասան լինելու փաստով»,- պատմեց Աննան:

Վերջինիս խոսքով' թեպետ ինքն արդեն հմտացել էր այս ասպարեզում, բայց դրանով հանդերձ, դեռ շատ բան ունի սովորելու:

 

«Սա նոր աշխարհ էր ինձ համար, մինչ այդ ինձ մոտ երբևէ նման փորձ չէր եղել: Որքանով ինձ մոտ ստացվեց որպես դերասանուհի ներկայանալը, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ կարողացել եմ որոշ չափով արդարացնել սերիալի աշխատակազմի հույսերը, քանի որ եղել են դեպքեր, երբ փողոցում քայլելիս իմ հասցեին ոչ այդքան լավ արձագանքներ եմ լսել, ինչը կապված է եղել հերոսուհուս' Անուշիկի բացասական կերպար լինելու հետ»,- նշեց երգչուհին' ավելացնելով, որ եթե ապագայում կրկին առաջարկ ստանա որպես դերասանուհի ներկայանալու, հաճույքով կհամաձայնի:

 

Վերհիշելով անցած տարի ռուսական «Голос» նախագծի նախընտրական փուլում ելույթ ունենալու իր փորձը, որը անհաջողությամբ պսակվեց, երգչուհին չբացառեց կրկին իր մասնակցությունը նախագծի հաջորդ եթերաշրջաններից որևէ մեկում.

 

«Գիտեք, երբ հայտնվում ես այդ ամենի մեջ, հասկանում ես, որ այս նախագծին պատահական մարդիկ չեն կարող հայտնվել: Ինձ և Արամ MP3-ն կույր լսումների փուլ չկանչելն իրենք բացատրեցին այդ եթերաշրջանում մեծ թվով հայ մասնակիցներ լինելու հետ, բայց դա ընդամենը հորինվածք էր: Չեմ կարծում, որ կրկին կփորձեմ մասնակցել «Голос»-ին, թեպետ ասեմ, որ ինձ մոտ գրեթե ամեն ինչը տրամադրությունից է կախված: Չեմ էլ բացառում, որ եթե այդ շրջանում տրամադրությունս շատ լավ լինի, գուցեև երկրորդ անգամ մասնակցեմ նախագծին»,- նշեց Աննա Խաչատրյանը:

 

Անդրադառնալով իր անձնական կյանքին' երգչուհին ասաց, որ այդ առումով իր մոտ որևէ նորություն չկա.

 

«Դեռևս հայտարարություն անել չեմ կարող: Ես դեռ նստած թախտին, սպասում եմ բախտին»,- կատակով նշեց Աննան:

 

Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է ինքը պատկերացնում իր կողքի տղամարդուն, երգչուհին պատասխանեց.

 

«Առաջին հերթին, նա պետք է այնպիսի մարդ լինի, որի հետ ցանկություն առաջանա շփվելու: Ես ուզում եմ նայել նրան և զգալ, որ նա լավ մարդ է, ես ուզում եմ ավանդական տղամարդ ասվածը զգալ կողքիս, այլ ոչ թե զգալ այնպիսի մեկի ներկայությունը, ով կնոջից ոչնչով չի տարբերվում: Ես պետք է վստահ լինեմ, որ այդ տղամարդու կողքին իմ մեջքը պինդ է, պետք է պաշտպանված զգամ ինձ: Գուցե իմ պատկերացումները այս հարցում փոքր ինչ այլ են, այդ պատճառով է, որ ես դեռ չեմ գտել նրան, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ դեռ առջևում»,- նշեց Աննան:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: