Այսօր լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր «Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Երանի» հեռուստասերիալին` նշելով, որ հերթական սերիան թուրքական` «Запах клубники» սերիալի կրկնօրինակումն է: Կայքը տեղադրել էր հայկական և թուրքական սերիալների համապատասխան տեսանյութերը և անդրադարձել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի խաղին` գրելով.
«Շուշաննա Թովմասյանը տանը թուրքական սերիալներ է նայում, պարապում դերը, որ նկարահանման հրապարակում լավ կրկնօրինակի թուրք դերասանուհիներին: Անլվայի կերպարից ազատվելու համար Շուշաննան դարձավ Շուշան խանում: Ամոթ էլ է: Ձեզ չեք հարգում, լսարանին հարգեք»:
Թեմայի առնչությամբ Mediamall.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Երանի» հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանի հետ, ով իր խոսքում բացարձակապես հերքեց «Երանի»-ի և թուրքական սերիալի սցենարային նմանությունը` նշելով, որ հեռուստասերիալը բավականին սիրված է և մեծ վարկանիշ ունի, այդ պատճառով էլ այն խոշորացույցով են նայում: Սցենարիստի կարծիքով` այդ նյութը ենթատեքստ ունի, որով փորձում են կրկին Շուշաննա Թովմասյանի անունը շոշափել`դիտումների քանակն ավելացնելու նպատակով:
«Ամոթա ուղղակի: Ծիծաղելի է, որ անընդհատ փորձում են կպնել Շուշաննային, որովհետև նա շատ սիրված է , սիրված է նաև նրա կերպարը , այնպես որ, հոդվածի գրողը հերթական էժան քայլն է կատարել, որով փորձում է լսարան գրավել` օգտվելով առիթից, որ եթե Շուշաննայի անունը շոշափվում է` ինքնըստինքյան նյութը հետաքրքրում է ընթերցողին , չի կարելի կեղտ գտնել, մարդկանց աշխատանքը ջուրը գցել ընդամենը մի հիմար ենթադրության պատճառով»,-ասաց Անին:
Ինչ վերաբերում է սցենարային նմանությանը` Անի Մաղաքյանը հավաստիացրեց, որ տեսարանները բոլորովին նման չեն իրար, և յուրաքանչյուր սցենարիստ իր ձևով է փորձում ներկայացնել հերոսներին և պատմությունը.
«Ընդհանրապես, սիրո տեսարանները նման են իրար, թե’ իրենց դժբախտություններով, թե’ երջանիկ տեսարաններով. ոչ մեկս հայտնագործություն չենք անում առանձնապես:
Վերցնել սցենարիստի գրածը և վերագրել մենակ դերասանուհուն և ասել, դե գիտեք դերասանուհին ինչ -որ փորձեր է անում, դա սխալ է, դերասանուհին անում է այն, ինչ իրեն սցենարիստն է ասում, իսկ սցենարիստն այնքան ուղեղ ունի և երևակայություն, որ կարիք և ժամանակ չունի թուրքական սերիալներ նայելու և ինչ-որ բաներ կրկնօրինակելու: Կապված ալյուրի տեսարանի հետ՝ հնարավոր է՝ մի օր էլ բացահայտեն, որ ալյուրն էլ են թուրքերը հորինել, խոհանոցում երկուսով ուտելիք պատրաստելն էլ է թուրքերի ազգային ավանդույթը, մի խոսքով, ամեն ինչ թուրքական է, մենք էլ անֆայմ ենք, ոչ մի բանից տեղյակ չենք, նայում ենք՝ տեսնեք թուրքերն ինչ են արել, որ մենք էլ վերցնենք»,-նշեց սցենարիստը:
Անի Մաղաքյանը «Երանի»-ի ամբողջ անձնակազմի անունից հավելեց, որ ոչ մի տող անգամ չի վերցվել ոչ մի օտարազգի նախագծից` լինի թուրքական, ամերիկյան, ռուսական, թե մեկ այլ արտադրության:
Նինել Սարգսյան