Սմարթֆոնների լյուքս դասի երեսպատմամբ զբաղվող Caviar ընկերությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ սահմանափակ քանակությամբ iPhone 7 սմարթֆոններ է թողարկել՝ զարդարված Պուտինի ոսկյա հարթաքանդակով։ Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

 


Սմարթֆոնի մոդելը կոչվում է Supremo Putin Damascus։ Կորպուսը զարդարված է դամասկյան պողպատի նախշերով, ՌԴ զինանշանով եւ նախագահի հարթաքանդակով։ Հեռախոսի վրա փորագրված է նաեւ Պուտինի արտահայտություններից մի մեջբերում. «Մենք կպատասխանենք բոլոր մարտահրավերներին։ Կաշխատենք հանուն Ռուսաստանի»։

 


Վաճառքի կհանվի հեռախոսի 64 նմուշ։ Սարքը կթողարկվի միայն 128 Գբ եւ 256 Գբ հիշողությամբ։ Դրանց գինը սկսվում է 207 հազար ռուբլուց։
Նշենք, որ Պուտինի ծննդյան օրը հոկտեմբերի 7-ին է: