Այժմ շատերն են էրոտիկ լուսանկարներ հրապարակում համացանցում: Ի դեպ և՛ սովորական մարդիկ, և՛ հայտնիները՝ ցանկանալով ցույց տալ իրենց գեղեցիկ բարեմասնությունները: Սակայն ոչ բոլոր նման լուսանկարներն են այդ նպատակով հրապարակվում: Դրանց թվում կան նաև այնպիսինները, որոնք կարող են կյանքեր փրկել:
Փետրվար ամսին ավստրալուհի Կայլի Արմսթրոնգը հայտնաբերեց, որ իր ձախ կրծքի ներքևի հատվածում ինչ-որ խոռոչանման բան է առաջացել (փոսիկ):
Անհանգստացած կինն անմիջապես հիվանդանոց գնաց, որտեղ էլ ուլտրաձայնային և մամոգրաֆիայի հետազոտություններ անցկացվեցին: Հետազոտության արդյունքները հաստատեցին Կայլիի մտավախությունները: Նրա մոտ կաթնագեղձի քաղցկեղ հայտնաբերեցին: Բարեբախտաբար հիվանդությունը սկզբնական փուլում էր գտնվում, այնպես որ բժշկական միջամտություն արվեց և վտանգը հեռացրեցին:
Հիվանդանոց պառկելուց առաջ Կայլին լուսանկարել է իր կրծքի վրայի փոսիկները և հրապարակել է լուսանկարը Facebook-ի իր էջում: Նա կոչ է անում բոլոր կանանց, նման նախանշաններ նկատելու դեպքում անմիջապես դիմեն բժշկի:
«Ես ոչ մի հանգույց չէի զգացել: Միայն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկներին հաջողվեց նկատել շատ խորը թաքնված ուռուցքը: Լավ է, որ ես ժամանակին նկատեցի այդ փոսիկները», – պատմում է Կայլին:
Բուժող բժիշկը գովում է Կայլիին. «Պետք է անպայման ուշադրություն դարձնել մարմնի վրա տեղի ունեցող ցանկացած փոփոխությունների վրա: Կրծքի վրայի փոսիկները վկայում են այն մասին, որ ինչ-որ բան ձգում է ձեր մաշկը: Դեպքերի մեծամասնության դեպքում պարզվել է, որ այդ ինչ-որ բանն ուռուցքն է: Եվ ինչքան շուտ դիմեք բժշկի, այնքան լավ կլինի»:
Կայլիին վիրահատել են և հեռացրել են ուռուցքը: Վիրահատությունից մի քանի օր անց կինը գրել է Facebook-ի իր էջում. «Ես ինձ լավ եմ զգում: Վիրահատությունը հաջող է անցել և այժմ ոչինչ չի սպառնում իմ առողջությանը»: