Դերասանուհի Արփինե Իսրայելյանը մայրանալուց երկուսուկես ամիս անց վերադարձել է աշխատանքի։ Այս փուլում նա նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում, որը եթերում կլինի հոկտեմբերի 11-ից։ BlogNews-ն Արփինեի հետ զրուցել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ ընտանիքի և որդու՝ 3 ամսական Դավթի մասին:)
-Արփինե, ինչպե՞ս հայտնվեցիր «Դոմինոյում»։
-Սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանն ինձ առաջարկեց նկարահանվել, համաձայնեցի, որովհետև պետք էր նոր մի բան փորձել, նոր ժանրում ներկայանալ։ Գրաֆիկն էլ հարմար էր ինձ, որովհետև փոքրիկիս հետ ինձ միայն թեթև գրաֆիկով աշխատանք կարող էի թույլ տալ ինձ։
- Երբեմն հումորային նախագծում ներկայանալը դեռ չի նշանակում նոր ամպլուայում ներկայանալ, քանի որ կերպարը հումորային չի լինում, դերասանի խաղն էլ չի փոխվում։ Ի՞նչ կերպարով ես ներկայանալու «Դոմինոյում»։
-Նորիկի քրոջ դերն եմ խաղալու։ Նարեն արտասահմանում է սովորել, հիմա եկել է Հայաստան և աշխատում է տղաների ընկերությունում։ Կենսուրախ, աշխույժ, ակտիվ աղջիկ է, ով միաժամանակ ինչ-որ զսպվածություն ունի։ Հումորի զգացում միանշանակ ունի, երբեմն Նարեն էլ կատակում, բայց բոլոր կերպարների միջից ամենազսպվածն է։
-Ինչպե՞ս ես հարմարվել նոր անձնակազմին։
-Շատ հեշտ։ Ինտեգրվելու խնդիր երբևէ չեմ ունեցել։ Շատ լավ ընդունեցին ինձ, այնտեղ կային ինձ հարազատ մարդիկ։ Հարություն Խալաֆյանի հետ աշխատել եմ նաև «Ամնեզիա» սերիալում։
-Ի դեպ, «Դոմինոյի» տաղավարի ձևավորումն էլ ամուսինդ` Ներսեսն է արել։) Ընտանիքո՞վ եք աշխատում սիթքումում։)
- Չէ:) Նկարահանումները սկսվում են, երբ Ներսեսի աշխատանքն ավարտվում է:)
- Արփինե, այս փուլում անսպասելի էր քո վերադարձը, քանի որ դու երկար ես դադրներ առնում։ Բոլորը կարծում էին, որ դեռ կվայելես ընտանեկան երջանկությունդ։ Ինչո՞ւ որոշեցիր մայրանալուց կարճ ժամանակ անց վերադառնալ եթեր։
-Ճիշտն ասած ինձ համար էլ էր մի քիչ անսպասելի, որ այսքան շուտ կվերադառնամ։ Մյուս կողմից ճիշտ էր շուտ վերադառնալն այն տեսանկյունից, որ օրդ ավելի հագեցած է լինում, կարողանում ես օրն ավելի ճիշտ կազմակերպել բալիկիդ հետ։ Նաև՝ երբ երևում ես եթերում, մարդիկ քեզ չեն մոռանում։ Բացի այս ամենը, առաջարկն էր հետաքրքիր, որովհետև հնարավորություն ստացա ինձ այլ տեսանկյունից ներկկայացնել։
-Նկարահանվելիս ո՞ւմ ես հանձնում փոքրիկի խնամքը։
-Շատ օգնողներ ունեմ, փառք Աստծո։ Մայրիկս, սկեսուրս։ Նաև կա վստահելի մարդ, ով նկարահանումներիս ընթացքում կպահի բալիկիս։
-Դայակի ընտրությունը լուրջ խնդիր է մայրիկների համար։
-Սկզբնական շրջանում տագնապ կար մոտս, թե ով պետք է պահի երեխայիս, սակայն երբ գտնվեց մարդ, ում շատ վստահում եմ, արդեն հանգիստ էի։ Նա շատ մտերիմ ընկերուհուս մայրիկն է, դրա համար հանգիստ համաձայնեցի։
-Ի դեպ, փոքրիկի խնամքի հարցում ամեն ինչ կարողանո՞ւմ ես ինքնուրույն անել։ Սկզբնական շրջանում բարդ չէ՞ր։
-Հավատա, շատ հեշտությամբ եմ արել ամեն ինչ։ Ինձ մոտ հենց սկզբից ամեն ինչ ստացվել է՝ սկսած երեխային լողացնելուց մինչև ամենափոքր մանրուքները։ Մինչ բալիկիս ծնվելն ինքս էլ չէի պատկերացնում՝ ինչպես է դա հնարավոր, մտածում էի՝ ինչպես են մայրիներն այդպես հմտորեն անում ամեն բան։ Փաստորեն, ճիշտ են ասում, որ կա մայրական բնազդ, և ամեն բան ինքնաբերաբար ստացվում է։
- Դավթի ծննդից հետո քո էմոցիոնալ դաշտում ի՞նչ է փոխվել։
-Ես հիմա աննկարագրելի երջանիկ եմ, որովհետև ընտանիքս արդեն լիարժեք է և ինձ այլևս ոչինչ չի պակասում երջանիկ լինելու համար. ունեմ իմ երազած ընտանիքը՝ սիրելի ամուսին, հրաշք բալիկ, սիրելի աշխատանք։ Ծնողներս, փառք Աստծո, առողջ են և կողքիս։ Մի խոսքով՝ ամեն ինչ շատ լավ է, կարծում եմ՝ ուրիշ ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար։
- Արփիե, դու և Ներսեսը միշտ ներդաշնակ ընտանիք եք ունեցել, այնումենայնիվ, երեխան յուրաքանչյուր ընտանիք ավելի լիարժեք է դարձնում։ Ընտանիքում նոր մարդու ներկայությունը փոխե՞լ է քո և ամուսնուդ հարաբերությունները։
-Կարծում եմ՝ ամեն ինչ միայն դեպի լավն է փոխվել, հարաբերություններն ավելի են ամրապնդվել և հասունացել։ Պատասխանատվությունն իրար հանդեպ, ավելի է մեծացել։
-Փոքրիկ ունենալը որքան հրաշալի, նույնքան էլ պատասխանատու է։ Ի վերջո, քո և ամուսնուդ շնորհքն է լինելու՝ ինչ մարդ կդառնա նա։ Հետաքրքիր է դաստիարակության հարցում որո՞նք են կարևոր սկզբունքները։
-Տղայի դաստիրաակության առումով շատ եմ կարևորում հոր դերը։ Վերջերս շատ եմ նկատում, որ տղա երեխաները շատ են կպած մայրիկներից։ Չեմ կարող ասել՝ կոնկրետ ի՞նչն է պատճառը, հնարավոր է՝ հայրիկները շատ են աշխատում, տանն ավելի քիչ են լինում, սակայն տղա երեխայի կյանքում շատ կարևոր է հոր դերը։ Ի վերջո, տղան պետք է տղամարդ մեծանա։
-Ի դեպ, բոլոր կանայք երազում են նաև աղջիկ ունենալու մասին։ Սա քեզ համար ևս երազա՞նք է։
-Երեխան երեխա է, սեռը կարևոր չէ, կարևորը՝ առողջ լինի։ Ինչու չէ, ինչպես ցանկացած աղջիկ ու մայր, ես էլ կցանկանամ աղջիկ ունենալ, սակայն որդիս դեռ նոր է ծնվել։
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Նյութի աղբյուրը` Blognews.am