Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հոգնել է թաքցնել պսորիազի արտաքին դրսեւորումները, ինչից տառապում է 2010 թվականից: Այդ մասին 35-ամյա հայտնին պատմել է իր անձնական շարժական հավելվածի էջերում:

 

Քարդաշյանի խոսքով՝ քրոնիկ հիվանդությունը կարմիր հետքեր է թողնում իր մաշկի վրա, հատկապես աջ ոտքին: «Ես արդեն նույնիսկ չեմ Էլ փորձում թաքցնել դրանք (գրգռվածությունները): Երբեմն ես մտածում եմ, թե քանի որ բոլորը գիտեն այդ թերության մասին, էլ ինչո՞ւ թաքցնել այն»,-գրել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղը:

 

Քիմը նաեւ պատմել է, որ ապագայում հույս ունի բուժվել, բայց ներկայում «պարզապես սովորում է պսորիազն ընդունել որպես իր մի մասը»: Նա բուժական սննդակարգ է պահպանում, օգտագործում է քսուքներ եւ կորտիզոնի ներարկումներ է անում:

 

Այն մասին, որ բժիշկներն իրեն «պսորիազ» են ախտորոշել, Քարդաշյանն առաջին անգամ 2011 թվականին պատմել է «Քարդաշյանների ընտանիքի» դրվագներից մեկում, ճշտելով, որ իր դեպքում հիվանդությունը ժառանգական է. մայրը՝ Քրիս Ջենները, նույնպես տառապում է դրանից:

 

Պսորիազը քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է մաշկը: