Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, նշանավոր ջազային երաժիշտ Լուի Արմսթրոնգի, Metallica ռոք խմբի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալի ելույթների ձայնագրությունները ճանաչվել են Միացյալ Նահանգների ազգային արժեքներ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը մարտի 23-ին հայտարարել է, որ դրանք ընդգրկվել են Ձայնագրությունների ազգային ռեեստրում: Այդ ցուցակի մեջ մտնում են երաժշտական ստեղծագործությունների ձայնագրություններ, ռադիո- և հեռուստածրագրեր, տարբեր համերգներ եւ նույնիսկ քաղաքական ճառեր, որոնք «արժեք են ներկայացնում մշակութային, պատմական կամ գեղագիտական տեսակետից»:
Դրանց հետ միասին ռեեստրում ընդգրկվել են ևս 21 ձայնագրություններ, որոնք ընտրվել են հատուկ խորհրդի կողմից՝ հաշվի առնելով ամերիկացիների կարծիքը: Կոնգրեսի որոշմամբ, հեղինակավոր ցուցակն ամեն տարի հավալրվում է 25 նորույթով, իսկ դրանում հայտնվելու համար ձայնագրությունը պետք է արված լինի առնվազն 10 տարի առաջ: Այժմ Ձայնագրությունների ազգային ռեեստրում հաշվվում է 450 համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: