XX դարի ամենահայտնի ֆրանսուհիներից մեկը՝ դիզայներ Կոկո Շանելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է գերմանական հետախուզության գործակալ: Դա պարզվել է այն բանից հետո, երբ մարտի 16-ին հրապարակվել են այն ժամանակվա հատուկ ծառայությունների արխիվային փաստաթղթերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Շանելի դոսիեում, մասնավորապես, կա Մադրիդում անանուն աղբյուրի նամակ՝ հղված ֆրանսիական դիմադրությանը: Դրանում ասված է, որ Շանելը, որին «կասկածելի» էին համարում, 1942 – 43 թվականներին եղել է բարոն Գյունտեր ֆոն Դինկլագեի սիրուհին եւ գործակալը, որը կցորդ էր աշխատում Գերմանիայի դեսպանությունում եւ որին կասկածում Էին քարոզչական եւ հետախուզական գործունեության մեջ:
Ֆրանսիայի հատուկ ծառայությունների արխիվի պահպանության պատասխանատու Ֆրեդերիկ Կուգիները լրագրողներին պարզաբանել է, որ գերմանական հետախուզությունը («Աբվեր») Կոկո Շանելին գրանցել Է որպես իր գործակալ, նա կարող էր լինել տեղեկատվության աղբյուր կամ ինչ-որ աշխատանք կատարել գերմանացիների համար: Սակայն անհայտ Է մնում, թե տիկին Շանելն ինքն իմացել է արդյոք իր կարգավիճակի մասին:
Պատերազմի սկսվելուց ի վեր Շանելը փակել է իր նորաձեւությունների տունն ու խանութները: Իր եղբորորդու կալանավորումից հետո նա կապվել է Գերմանիայի իշխանությունների հետ, իսկ Ֆրանսիայի ազատագրումից հետո նրան մեղադրել են կոլլաբորացիոնիզմի մեջ և արտաքսել երկրից:
Ավելի վաղ պատմաբանները Շանելին կասկածում էին այն բանում, որ նա ոչ միայն տեղեկություններ Է մատակարարել «Աբվերին», այլեւ աչքի է ընկել ավելի քան տասը լրտեսական առաքելություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: