Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Երևանում հյուրախաղերով հանդես կգա Սանկտ-Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսի դերասանները վարպետության դասեր կտան Ենգիբարյանի անվան կրկեսի ստուդիայի սաներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
«Ռուսաստանյան այս կրկեսի մեկ ու կես ամիս տևողությամբ հյուրախաղերը նվիրված կլինեն Լեոնիդ Ենգիբարյանի հոբելյանին: Այստեղ ներկայացված են լինելու կրկեսային արվեստի բոլոր տարրերը՝ նաև ուղտեր, ձիեր, այլ կենդանիներ: Ծրագիրը մոտ է սովետական կրկեսին, որին մինչ այսօր ոչ ոք չի կարողանում իրականացնել»,-ասաց Սոս Պետրոսյանը:
Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը հավելեց, որ Սանկտ-Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսը հյուրախաղերով Երևանում կգտնվի օգոստոսի 29-ի հոկտեմբերի 4-ը' ներկայացնելով օդային համարներ, աճպարարություն, ձեռնածուներ, աֆրիկյան վագրերով, կապիկներով և այլ կենդանիներով համարներ: