Անվանի դերասանուհիներ, «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի հյուրեր Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին ջրել են Վարդավառի տոնի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նշեց «Ոսկե ծիրան» փառատ ոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:


«Փառատոնի «բախտը չի բերում», մեր բացման օրերը համընկնում են Վարդավառի հետ: Այսօր մեր բոլոր հյուրերին ջրեցին: Նաստասյա Կինսկին, Օռնելա Մուտին ևս ջրվեցին, բայց շատ ուրախացան: Ամռանը շատ դժվար է կազմակերպել փառատոն, շոգ է, բայց, քանի որ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, երևանցիները շատ լավ և բարի մարդիկ են, և շատ լավ են ընդունում հյուրերին, տոնը միշտ սպասված է: Եկել են բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, բերել են լավ ֆիլմեր, մենք մեր հիմնական բարեկամների հետ շարունակում ենք կազմակերպել փառատոնը»,-ընդգծեց Հարություն Խաչատրյանը:

 

Նա ընդգծեց փառատոնի կարևորությունը՝ փաստելով, որ այն հանրությանը ներկայացնում է աշխարհի լավագույն ֆիլմերը, իսկ հյուրերին՝ հայկական մշակույթը, Հայաստանը, մեր կինոն: «Ես երջանիկ եմ, որ արդեն 12-րդ տարին տեղի է ունենում այս փառատոնը, որովհետև մենք կարծում էինք, որ 2-3 փառատոնից հետո կփակենք այն»,-հավելեց Խաչատրյանը:

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործ ում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։