Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը «Եվրատեսիլ 2015»-ի կիսաեզրափակիչ փուլը հաջողությամբ անցնելուց հետո վաղը՝ մայիսի 23-ին, կմասնակցի եվրոպական ամենահայտնի մրցույթի եզրափակիչ փուլին:


Մինչ այդ հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներից հետաքրքրվել ու պարզել ենք, թե ըստ իրենց` ինչ շանսեր ունեն մեր այս տարվա պատվիրակները մրցույթում:

 

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ մեր պատվիրակները փայլուն ելույթ են ունեցել կիսաեզրափակչում: «Հուսով եմ, որ մեր երգի՝ այդքան կարևոր ասելիքը լսելի կլինի ամբողջ աշխարհին: Անհամբեր սպասում եմ եզրափակչին»,- ասաց նա:

 

 

ESem.am-ի հետ զրույցում դաշնակահարուհի Գիսանե Պալյանը նույնպես շեշտեց, որ մեր խումբը շատ լավ ելույթ ունեցավ, այնուհետև ավելացրեց. «Պրոֆեսիոնալ տեսանկյունից պիտի ասեմ, որ չափազանց բարդ է երգել վեց հոգով, բայց մեր մասնակիցները բարձր մակարդակի ելույթ ունեցան: YouTube-ում առաջին կիսաեզրափակչի դիտումներից ելնելով` առաջատարն է կարծես թե Ռուսաստանը, որը ինձ նույնպես շատ դուր եկավ: Հուսանք, որ մերոնք բարձր տեղեր կկարողանան զբաղեցնել»:

 

 

Երգչուհի Ջուսը մրցույթի կիսաեզրափակիչ ելույթը չի կարողացել դիտել, սակայն լսել է, որ մերոնք հաջող ելույթ են ունեցել: «Խմբի բոլոր երգիչներն էլ լավն են, բայց ուզում եմ առանձնացնել Ինգա Արշակյանին, ով շատ պրոֆեսիոնալ ու կիրթ երգչուհի է»,-նկատեց Ջուսը: Նրա կարծիքով, մեր երկրի ներկայացրած այս տարվա երգն այնքան էլ եվրատեսիլյան չէ: «Երգը մյուզիքլային է, բայց, կարծում եմ, տասնյակ կմտնենք»,-ավելացրեց երգչուհին:

 

 

Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հետևում է մրցույթին: «Այս տարի երգի միջոցով մենք ունենք հատուկ ու կարևոր ասելիք: Կարծում եմ, որ Եվրատեսիլը ևս մեկ միջոց է մեր ցավն ու պահանջը աշխարհին և ավելի լայն զանգվածներին լսելի դարձնելու համար,- ասաց Սիլվան և ավելացրեց,- մեր մասնակիցները գերազանց ելույթ ունեցան և անցնելով եզրափակիչ` մեծ ուրախություն պարգևեցին մեզ: Եթե անգամ չհաղթենք էլ, միևնույն է, ուրախ կլինենք, որ մրցույթին ներկայացել ենք արժանի կերպով: Մեզ միմիայն հաղթանակ եմ ցանկանում»:

 

 

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի խոսքով` այս տարի շատ պասիվ է հետևում Եվրատեսիլին: Չնայած դրան՝ երգչուհին կարծում է, թե մեր պատվիրակների ելույթը լավն էր, երգի գաղափարը՝ նույնպես: «Իհարկե, միայն հաջողություն եմ մաղթում մեր մասնակիցներին»,- ավելացրեց Անուշիկը:

 

 

Երիտասարդ երգիչ Նարեկ Մակարյանը շատ տպավորված է «Genealogy»-ի լավ ելույթով: Նա ևս մեր մասնակիցներին միայն հաղթանակ մաղթեց: