«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

 

«Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ։ Նրանց կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երգի վերնագիրն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): Genealogy խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին: