Ուր էինք, ուր ենք հասել և ուր ենք գնում. երեկ՝ ապրիլի 19-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Արտո Թունչբոյաջյանի համերգը՝ հենց այդ գաղափարին ուղղված:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին երգիչը պատմում է 20-րդ դարասկզբի մեծ արհավիրքից մազապուրծ իր ընտանիքի հուզիչ պատմությունը. ընտանիքի 11 երեխաներից 7-ը կորել են, մյուսները դարձել կոշկակար, դերձակ:
Արտոն, սակայն, հանդիսատեսին չի թողնում հուզվել. պատմությունը համեմում է իր սիրելի ու իրեն բնութագրող «համեմունքով»՝ հումորով:
Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին, ապա երգչի համար որպես այդպիսին ապրիլի 24 չկա, ապրիլի 25-ից ամեն ինչ սկսվում է. ցավի մասին ամեն օր է պետք հիշել:
Հետո երգում է նաև համեմունքների մասին. հանկարծ ազգի մեջ դրված համեմունքներից «խանգարում» չլինի: Հետո այլ սխալների մասին էլ է խոսում, ընդհուպ մինչև կարմիր լույսի տակով անցնող «22-ամյա երիտասարդի»:
Համերգի հատուկ հյուրը՝ Գոռ Սուջյանը
TM Production ընկերության կազմակերպած, ավելի քան 3 ժամ շարունակվող համերգը՝ Թունչբոյաջյանի պատմություններով համեմված, թվում է, պիտի մոտենա ավարտին, սակայն հանդիսատեսը երաժիշտներին հեշտորեն «բաց թողնել» չի պատրաստվում: «Արարատ», «Արարատ». պահանջում է դահլիճը, իսկ պատասխանը չի ուշանում: «Լավ, հիմա մի բան կնվագենք, որ դուք չգիտեք»,- կատակում է երգիչը, իսկ հանդիսատեսի «խնդրանք-պահանջը»՝ կատարվում:
Լուսանկարները՝ PanArmenian.net-ի