Իտալացի ճանաչված ջութակահարուհի Ֆրանչեսկա Դեգոն հանդես կգա Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգում: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլը հայտարարվել է ոգեկոչումի և հիշատակի ամիս, և ապրիլի 11-ին Դեգոն համերգ կունենա թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Երեկոյի ընթացքում կհնչեն Վոլֆ-Ֆեռարիի Ջութակի կոնցերտը և Մենդելսոնի Իտալական թիվ 4 սիմֆոնիան: «Հյուրընկալությունը հիասքանչ է` այն պահից, ինչ ես եկա: Շատ գեղեցիկ թատրոն է, հավանեցի ակուստիկան: Ես անհամբեր սպասում եմ համերգին: Նվագախումբը շատ լավն է: Իտալական դպրոցներում սովորում ենք Հայոց ցեղասպանության մասին, և հույս ունեմ, որ այն միջազգայնորեն ավելի կճանաչվի»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց ջութակահարուհին:


Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ համերգը նվիրված է Ցեղասպանության տարելիցին, Դեգոն պատասխանեց, որ մեծ պատիվ է համարում այս միջոցառման մասնակից լինել: Նա նաև հավելեց, որ իր մայրը հրեա է, և նրանց ընտանիքն էլ է ողբերգություն տեսել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ:


Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն ընդգծեց, որ Ֆրանչեսկա Դեգոն առաջին անգամ է Հայաստանում:  

 

«Մենք մոտ 20 օր առաջ Իտալիայում համատեղ համերգ ունեցանք, որի ընթացքում որոշեցինք, որ անպայման ցանկանում ենք նրան տեսնել Հայաստանում: Մեր հանդիսատեսն արժանի է տեսնել և լսել որակյալ արտիստի: Այդ պատճառով մենք խնդրեցինք, որ նա ժամանի այստեղ: Հայաստանից նա մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Այս երիտասարդ արվեստագետը շատ լուրջ ապագա ունի»,-նշեց Կարեն Դուրգարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ հնչելու է Վոլֆ-Ֆեռարիի Ջութակի կոնցերտը, որը գրված է 1944 թվականին: