Մարտի 27-ին գեղանկարիչ Արամ Դանիելյանն ու հոգեբան Միհրդատ Մադաթյանը կազմակերպել էին հետաքրքիր և ինքնատիպ միջոցառում, որը միտված էր ներկայացնել արվեստի և հոգեբանության փողկապակցված լինելն ու ներաշխարհի և գույների ներդաշնակման կարևորությունն անհատի կյանքում:

 

Մասնակիցները միջոցառման ընթացքում նկարել են պատկերներ՝ ներկելով իրենց նախընտրած գույներով, իսկ աշխատանքի ավարտից հետո նրանց ստեղծագործական լուծումները ենթարկվել են հոգեբանական վերլուծության:

 

Միջոցառման մասնակիցներն էին հումորիստներ Վահագն Գրիգորյանը, Արմեն Թադևոսյանը, հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը, դիզայներ Արամ Նիկոլյանը, երգիչ Տիգրան Պետրոսյանը, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, դերասան Սուրեն Առուստամյանը, դերասանուհի Անաիս Սարդարյանը և այլք:

 

Այն հարցին, թե հոգեբանական ինչ ազդեցություն կարող է արվեստը թողնել մարդու ներաշխարհի վրա, և կարո՞ղ է այն «մեծ չափաբաժնի» դեպքում բացասաբար անդրադառնալ անհատի աշխարհընկալման վրա, գեղանկարիչ Արամ Դանիելյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ արվեստը մարդու վրա միայն դրական հոգեբանական ազդեցություն կարող է թողնել, որովհետև այն գույներն ու երանգները, որոնք ներթափանցում են մարդու հոգեկան ներաշխարհ, դժվար թե բացասական ազդեցություն ունենան. արվեստը հույզերի և զգացմունքների ինքնարտահայտման միջոց է, որի յուրաքանչյուր ուղղություն ունի ներկայացման իր ձևն ու առանձնահատկությունը»:

 

Իսկ այն հարցին, թե ինչու է հայ հասարակությունը նման դրական և ջերմ միջոցառումների շատ քիչ հանդիպում, և արդյոք այս նախագիծը, որը համալրեց հայ մշակությային կյանքը, այսպես ասած, անհրաժեշտ և կենսական գույներից մեկով, կարելի՞ է համարել նմանատիպ միջոցառումների սկիզբ, գեղանկարիչը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ այսպիսի տարբեր թեմատիկ միջոցառումներում կարելի է ընդգրկել մեր հասարակությանը՝ անկախ մասնագիտությունից, սեռից և տարիքից: Ասեմ՝ միջոցառման մասնակիցների մեծ մասը ցանկություն հայտնեց զբաղվել նկարչությմաբ: Միջոցառումը կկրի շարունակական բնույթ, նշեմ, որ այս նախագիծն իր ձևով և տեսակով միակն է Հայաստանում»:

 

Նշենք, որ Ա. Դանիելյանն արվեստի սիրահարների համար կրկին հաճելի անակնկալ է նախապատրաստում. սպասենք հերթական տաք և ներդաշնակ մշակութային նախագծին: