Օրերս Հայաստան է վերադարձել ժամանակին տեղական շոու բիզնեսում մեծ աղմուկ հանած երգչուհի Եվա Ռիվասը: ESem.am-ը հանդիպել է երգչուհուն և խոսել այն ամենի մասին մասին, ինչը երգչուհին երբեք չի բարձրաձայնել:) Առաջարկում ենք կարդալ Եվա Ռիվասի անկեղծ հարցազրույցը հարուստ սիրեկանների, Սամվել Կարապետյանի հետ հարաբերությունների, Մոսկվայի ակումբն իրենից խլելու, աղմուկ հրահրող գրառումներիև մի շարք այլ հետաքրքիր թեմաների մասին:


 



-Չորս տարի առաջ վստահ ներխուժեցիք հայկական շոու բիզնես, և ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ Եվա Ռիվասի աստղը այդքան շուտ կմարի, ո՞րն էր խնդիրը:


-Ես չեմ կարծում, որ իմ աստղը մարել է: Աստղը մարում է այն ժամանակ, երբ չես աշխատում, քեզ չեն ճանաչում, չեն սիրում, իսկ իմ աստղը չի մարել, այն շատ պայծառ է վառվում: Այժմ աշխատանքային նոր շրջանի նախապատրաստական աշխատանքներն են, որպեսզի ես կարողանամ մարդկանց փոխանցել նոր տեղեկություն, նոր երգեր և ցույց տամ նոր Եվային՝իմ նոր տրամդրությունն ու նոր կյանքը:

 

-Դուք ապրում եք Մոսկվայում, որտեղ ունեք սեփական բիզնես, բայց երբ գործը հասնում է ստեղծագործական աշխատանքին, վերադառնում եք հայրենիք. ռուսական շոու-բիզնեսում  դժվա՞ր է հաստատվել:

 

-Ես Ռուսաստանում էլ եմ շատ աշխատում: Ռուսական շոու-բիզնեսը ինքին լայն հասկացություն է: Այն բաժանվում է մի քանի շոուի-բիզնեսների, ես չեմ ուզում ինձ դասել ո՛չ ռուսական, ո՛չ հայկական շոուի-բիզնեսին: Ես համաշխարհային էստրադայի աստղ եմ, ով դեռ աճում է, իսկ առաջին հերթին ես հայուհի եմ և ուզում եմ հայկական արմատներով քայլել ամբողջ աշխարհով: Դա է իմ նպատակը, որին ուզում եմ հասնել:

 

- Ինչու՞ եք հիմա Երևանում և ինչո՞վ եք զբաղված:

 

-Առաջին հերթին ձայնագրում եմ ձայնասկավառակս: Ես չեմ կարողանում երգերս հերթականությամբ ներկայացնել: Շուտով ինձ մոտ բում է լինելու, կներկայացնեմ երեք-չորս երգ և, հավանաբար, երկու տեսահոլովակ: Այն տեսահոլովակը, որը կներկայացնեմ, դեռ վաղուց պետք է լիներ եթերում, բայց տեխնիկական ինչ-ինչ պատճառներով պրեմիերան հետաձգվեց: Նույնիսկ ամաչում եմ դրա համար, քանի որ մի քանի ամիս առաջ խոստացել էի, որ շուտով այն կլինի էկրաններին: Այն նկարահանվել է «Արմենիա» երգի հիման վրա, որը երկլեզու է` հայերեն և ռուսերեն:

 

Աշխատում եմ նաև նոր իմիջիս վրա. հավաքել եմ նոր, հիանալի թիմ:

 

-Լինելու է նո՞ր Եվա Ռիվաս, թե՞…


-Եվա Ռիվասը միշտ նոր է (ծիծաղում է, հեղ.): Ես միշտ մնալու եմ այսպես լավը, բարի, միշտ սիրելու եմ իմ երկրպագուներին, բայց եթե խոսենք իմիջից, իհարկե կլինեն փոփոխություններ:

 

 

 

 

-Շատերը Ձեզ քննադատում են Ձեր կերպարի, ոճի  համար, մի՞թե այն երգչուհին, ով իր բիզնեսն ունի Մոսկվայում, ոճաբանի հետ համագործակցելու հնարավորություն չունի:


-Ես շատ ոճաբաններ ունեմ, բայց երբեք որևէ մեկին չափից ավելի մոտ չեմ թողնում: Ընդունում եմ խորհուրդներ, բայց երբեք չեմ հագնի այն, ինչն ինձ դուր չի գալիս. վերջնական որոշումն իմն է: Աշխատում եմ Զվերևի և Պոնոմարյովի հետ, ովքեր իմ ամենա-ամենասիրելիներն են:

 

-Երկար վարսերից հրաժարվելու միտքն է՞լ է Ձերը եղել:


-Այո, դա իմ գաղափարն էր: Ես շատ թեթև եմ նայում այն ամենին, ինչը կարող է վերականգնվել: Շատ երկրպագուներ նամակներ են գրում, թե ինչպես ես կարող էի կտրել մազերս, սակայն ես մտածում եմ՝ ինչո՞ւ կառչել հնից, եթե կարող ես ունենալ նոր ոճ, չէ՞ որ կանայք այդպիսին են. մեզ մոտ դեպրեսիա է` վազում ենք վարսահարդարի մոտ, երջանիկ ենք` վազում ենք վարսահարդարի մոտ:

 

-Իսկ Ձեզ մոտ դեպրեսիա՞ էր:

 

-Ոչ, ինձ մոտ նոր տրամադրությունն էր, որը բերեց նոր կերպարի ստեղծման, իսկ մազերս նորից կերկարեն:

 

-Կարծես թե պլաստիկ վիրահատության եք դիմել. շուրթերը մեծացնելն է՞լ էր կապված նոր տրամդրության հետ:


-Ես մեծացրե՞լ եմ շուրթերս: Ես նման բան չեմ արել. շուրթերի մեծացում չի եղել:

 

-Ձեր ձեռքին դաջվածքներ նկատեցի, նո՞ր են:

 

-Այո: Մի ձեռքիս վրա լատիներենով գրված է՝ «Ապրել, որպեսզի գործել», մյուսին` «Ապրել, որպեսզի հաղթել»:

 

-Ձեր անձնականը միշտ քննարկվել է, ընդհուպ մինչև այն, որ ունեցել եք հարուստ սիրեկաններ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում և Ձեր կարիերան ու ճոխ կյանքն ապահովել եք  նրանց շնորհիվ:

 

-Դա երևի նրանից է, որ արտաքնապես տարբերվում եմ բոլորից: Ցույց տվեք մի գեղեցիկ կնոջ, ում մասին այդպիսի բաներ չեն խոսում: Իմ շրջապատում շատ հարուստ, հայտնի և իշխող տղամարդիկ կան, բայց նրանց հետ շփումը սահմանափակվում է միայն ընկերությամբ: Ես 3 տարի սիրել եմ մի մարդու, ում հետ ապրել եմ: Նա ոչ օլիգարխ է, ոչ էլ մագնատ. ընդամենը հասարակ մարդ է: Հիմա ես ընկեր չունեմ և արդեն կես տարի է, ինչ ոչ ոքի հետ չեմ հանդիպում:

 

- Մեր խմբագրություն եկաք շքեղ մեքենայով, մի երիտասարդի ուղեկցությամբ: Կպատմե՞ք որտեղ եք ապրում և ո՞վ է այդ երիտասարդը:


-Այստեղ ապրում եմ վարձակալած բնակարանում, իսկ երիտասարդն իմ վարորդն է:

 

 

 

 

- “НТВ” հեռուստաալիքով հայտարարել էին, որ Դուք Ռուսաստանի ամենաթանկ մարմնավաճառներից մեկն եք,  Ձեզ հետ մեկ ամիս համատեղ կյանքն արժե 40.000 ռուբլի: Դա ճի՞շտ է, ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

 

-Ես մեկ ամիս փորձում էի լուծել այդ խնդիրը, արդյունքում ինձնից ներողություն խնդրեցին, և դա բավարարեց ինձ: Ես չվերցրի իրենց առաջարկած գումարը` բարոյական վնասի փոխհատուցման համար, ասացի, որ կարող են թեյ խմել դրանով:

 

Դատի չտվեցի, որովհետև ես միանշանակ կպարտվեի: Նրանց մոտ ամեն օր դատական պրոցեսսներ են ընթանում գեղեցիկ կանանց հետ: Ես կապվել եմ այդ կանանցից մի քանիսի հետ և հասկացել, որ պետք է բավարարվեմ ներողությամբ:

 

Մի քանի ամիս առաջ խոսակցություններ էին պտտվում, որ դեկտեմբերի 31-ին տեղի էր ունենալու Ձեր հարսանիքը. ինչպե՞ս կմեկնաբանեք:


-Իմ հարսանի՞քը, (ծիծաղում է, հեղ.): Ես անգամ նշանված չեմ եղել: Հետաքրքիր է, որ այդ բամբասանքն իմ կողքով է անցել և չեմ իմացել այդ մասին:

 

-Նախկինում «Տաշիր գրուպ» ընկերությունը Ձեր հովավորն էր, խոսակցություններ էին պտտվում, որ Ձեր և ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանիմիջև կար ոչ  միայն գործնական, այլև անձնական կապ:


-Իմ և Սամվել Կարապետյանի միջև, ոչ մի կապ չի եղել: Ես մեծ հարգանք եմ տածում այդ մարդու հանդեպ: Գուցե շատերի համար անակնկալ լինի, բայց ես այդ մարդու հետ կյանքիս մեջ ընդամենը մեկ անգամ եմ խոսել: Մենք նույնիսկ ընկերներ չենք եղել: Ես նրան միայն բեմից եմ տեսել, երբ ես երգում էի ինչ-որ միջոցառման ժամանակ, իսկ նա  նստած էր դահլիճում: Սա է ճշմարտությունը, և ես առաջին անգամ այս մասին խոսեցի Ձեզ հետ:

 

-Ինչու՞ այլևս չեք համագործակցում:

 

- «Տաշիր գրուպի» հետ համագործակցությունը, ոչ թե ինձ հետ է ավարտվել, այլ իմ պրոդյուսերի` Վալերի Սաարյանի:

 

-Իսկ նրա հետ ինչու՞ դադարեցիք համագործակցել:

 

-Մենք գործնական առումով միմյանց այլևս ոչինչ չունեինք տալու: Ես այնպիսի մարդ եմ, ով սիրում է շատ աշխատել, իսկ «Եվրատեսիլից» հետո ես անելիք չունեի:

 

-Այսինքն՝ որևէ կոնֆլիկտ չի՞ եղել:

 

-Ոչ, մենք չենք վիճել: Թեպետ չենք էլ շփվում, ինքն իր գործով է զբաղված, ես` իմ: Սակայն եթե հանդիպենք ,անպայման կողջունենք միմյանց:

 

-Ասում են, որ Ձեր նախկին սիրեկանը խլել է Մոսկվայի Ձեր ակումբը. ճի՞շտ է:

 

-Ոչ ոք չէր կարող ինձնից խլել իմ ակումբը: Ես միայն մի մասի տերն էի և կարող էի վաճառել իմ մասը, ինչն էլ արել եմ: Կային մի քանի հանգամանքներ, որոնք ինձ ստիպեցին հեռանալ և առաջիկայում բացել իմ նոր ակումբը, որի միակ տերը կլինեմ ես:

 

- Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում:


-Ես այնքան ծրագրեր ունեմ… անկեղծ ասած, կուզեի երկու տեղում էլ ունենալ ակումբ, քանի որ նախորդ ակումբս մեծ հաջողություն ուներ: Առայժմ կսկսեմ Մոսկվայից, հետո արդեն կտեսնենք:

 

-Որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան Ձեր էջում Միխայիլ Պրոխորովին ուղղված գրառում էիք արել, մասնավորապես գրել էիք՝ «Я все таки доберусь до тебя»: Եվ ի՞նչ, հասա՞ք:


-(Ծիծաղում է, հեղ.) Ինչ վաղուց էր դա… կարծես, մեկ-երկու տարի առաջ: Իրականում իմ մեջ ապրում է երեխա, ում ես չեմ կարող թաքցնել, բայց այդ երեխային ոչ բոլորն են հասկանում: Հենց այդպես էլ եղավ այս դեպքում: Ես դա գրել էի իմ ընկերների համար, ովքեր կհասկանային հումորը, սակայն լրագրողները նկատեցին այդ ստատուսը և սկսվեցին զանգերն ու հոդվածները… անգամ խոսում էին, որ Պրոխորովից աղջիկ և տղա ունեմ: Ինչ եք կարծում, եթե ես ուզեի նրան հասնել, կհայտարարե՞ի բոլորին, ոչ, ես լուռ ու մունջ կհասնեի իմ նպատակին, և ոչ ոք չէր իմանա դրա մասին: Դա ուղղակի անմեղ կատակ էր:

 

Իմ լավ ընկերներից մեկն ինձ խորհուրդ տվեց, ինստագրամում էջ բացել, որը կլինի միայն ընկերներիս համար: Սկզբում մտածում էի, թե ինչիս է դա պետք, հետո հենց այդպես էլ արեցի: Մի շրջան նախկին հաճախականությամբ ֆոտոներ չէի տեղադրում, բայց հասկացա, որ ընկերներս կարոտում են ինձ, իմ վիրտուալ հումորները:

 

-Ամեն դեպքում Դուք պարբերաբար հրահրում էիք սկանդալներ հրապարակելով, Ձեր լուսանկարներն անկողնում, արյունոտ կամ այլ տարբերակով, մնում էիք ուշադրության կենտրոնում այն շրջանում, երբ, ըստ էության, ոչինչ չէիք անում: Նման միտում ունեի՞ք:


-Երբ ես համագործակցում էի պրոդյուսերի հետ, ինձ արգելված էր անել նմանատիպ  հրապարակումներ, հետո ես սկսեցի անել այն ամենը, ինչը դուր է գալիս ինձ՝ առանց հատուկ մտադրության:

 

 

 

 

-Նախկինում ասել եք, որ հայերենի չեք տիրապետում, այժմ էլ խոսում եք ռուսերենով, այս ընթացքում դեռ չե՞ք սովորել մեր լեզուն:


-Նախկինի հետ համեմատած այժմ առաջխաղացում կա, սակայն լիարժեք չեմ հասկանում: Արդեն քսան օր է, ինչ հայերենի դասեր եմ վերցնում:

 

-Եթերում կա մի գովազդ, որտեղ երևում է, որ երգում եք երևանյան ռեստորաններից մեկում: Ձեր գործերն այդքան վա՞տ են:


-Ես ռեստորանում չեմ երգում, ես մասնակցում եմ մասնավոր միջոցառումների, որոնցից մեկը եղել է տվյալ ռեստորանում: Հետագայում դա օգտագործվել է գովազդի մեջ:

 

-Ի՞նչ սկզբունքով եք ընտրում այն միջոցառումները, որոնց պետք է մասնակցեք:


-Առանձնահատուկ պահանջներ չեմ ունենում, եթե միջոցառումը դուրս գալիս է, մասնակցում եմ:

 

-Այս տարի Հայաստանը «Եվրատեսիլին» ներկայացնում է Արամ MP3-ն: Ինչպե՞ս եք վերաբերում նրա  մասնակությանը:


-Չեմ համբերում, երբ է գալու այդ օրը, որ հետևեմ, թե ինչպես է երգում Արամը: Նրան վաղուց եմ ճանաչում, բայց երբեք չեմ պատկերացրել, որ նա այդքան լավ է երգում այդ ժանրում, քանի որ նա շոումեն է: Շատ եմ հավանում երգը, միշտ լսում եմ և ամեն անգամ մարմնովս սարսուռ է անցնում: Նրան անձամբ խորհուրդ եմ տվել և նորից կասեմ նույնը` նախապատրաստական աշխատաքների ընթացքում շրջապատի մարդկանցից յուրաքանչյուրը պնդելու է իր կարծիքը, սակայն երբ փորձում ես անել բոլորի ասածը միաժամանակ, ամեն ինչ խախտվում է: Յուրաքանչյուր բան պետք է անել հոգով, պետք է անել այն. ինչ դու ես ուզում, որպեսզի լինի անկեղծ, իսկ ամենկարևորը` հոգով երգելն է: Ինքս էլ եմ հոգով երգել, կարծում եմ, դա երևում էր:

 

-Իսկ Դուք երկրորդ անգամ կմասնակցեի՞ք այդ մրցույթին:


-Այո, կմասնակցեի, բայց չեմ կարող ասել՝ դա երբ կլինի: Ես վերադառնամ «Եվրատեսիլ» այն ժամանակ, երբ կունենամ որակյալ արտադրանք:

 

-Հայ շոու-բիզնեսցիներից ու՞մ եք ճանաչում, ու՞մ հետ եք մտերիմ:


-Ճանաչում եմ գրեթե բոլորին, բայց չեմ կարող ասել, որ ունեմ մտերիմներ: Երբ հանդիպում եք շփվում ենք, զրուցում, թեպետ աղջիկները կարծես իրենց հեռու են պահում ինձնից, չնայած ես բավականին շփվող և բաց մարդ եմ:


Ներկայացրեց Տաթևիկ Մկրտչյանը