Էկզոտիկ հանգստի սիրահար Վարդան Սարգսյանն օրերս է վերադարձել Հնդկաստանից :) Հնդկական մշակույթին, կրոնին, բարքերին ու սովորույթներին մոտիկից ծանոթացած երգիչը ESem.am-ին է վստահել 10-օրյա ուղևորության մանրամասներն ու Հնդկաստանում արված լուսանկարները:

 

Երգիչն այնքան տպավորված է վերադարձել այնտեղից, որ մտադիր է երկրորդ անգամ մեկնել՝ ավելի երկար ժամանակով :)

 

 

«Վաղուց է, ինչ երազում էի Հնդկաստան գնալու մասին, բայց միշտ այնքան բացասական բաներ էի լսում, որ համարձակությունս չէր ներում: Երկար մտածելուց հետո, որոշեցի մի կողմ դնել բոլոր վախերն ու գնալ վաղեմի երազանքիս հետևից :)»,- ESem.am-ին ասաց երգիչը՝ հավելելով, որ Եվրոպական ամենաճոխ քաղաքների հետ չի փոխի Հնդկաստանը:

 

 

«Ցավոք, ժամանակը քիչ էր, ու չհասցրի ամբողջությամբ վայելել երկիրը: Փորձել եմ այդ կարճ ժամանակում մի քանի քաղաքում լինել: Նախ` գնացի մայրաքաղաք Դելի, ինչն, անկեղծ ասած, ինձ այնքան էլ դուր չեկավ: Ճիշտ է, մի քանի տեսարժան վայրեր կային, որոնք արժե տեսնել, բայց այն չէր, հետաքրքիր քաղաք չէր»,- նկատեց Վարդանը, ով ժամանակն արդյունավետ օգտագործելու համար հնդկական մի քաղաքից մյուսն ինքնաթիռով է թռչել:

 

 

«Դելիում մեկ օր մնալուց հետո ուղևորվեցի Ջայտուր, որն, ըստ իս, ամենահետաքրքիր քաղաքն է աշխարհում: Շատ գեղեցիկ տեղերում եմ եղել. այն ինձ ուղղակի գրավել էր: Սարի գագաթին գտնվող Կապիկների տաճարում եղա, որտեղ մոտ 3000 կապիկ է ապրում. տպավորություն էր, որ երկնքում եմ»,- մեծ ոգևորությամբ պատմեց նա:

Ուղևորության ընթացքում վերջինս հասցրել է լինել նաև Ագրա քաղաքում և երկու անգամ այցելել աշխարհահռչակ Թաջ Մահալի տաճարը: «Անզուգական գեղեցկություն ուներ: Հետաքրքիրն այն էր, որ երկու այցիս ժամանակ էլ գիդ էի վարձել. երկուսն էլ բոլորովին այլ, հետաքրքիր պատմություններ պատմեցին կապված տաճարի հետ: Այդպես էլ չհասկացա՝ որն էր ճիշտը :)»,- խոսելով Հնդկաստանից ստացած տպավորություններից՝ ասաց Վարդանը:

 

 

Ըստ նրա՝ գնալ Հնդկաստան ու չլինել աշխարհի հնագույն քաղաքներից մեկում՝ Վարանասիում, աններելի սխալ է: «Վարանասիում բացահայտեցի Հնդկաստանն ամբողջությամբ: Գանգես գետի ափին գտնվող այդ քաղաքն ինձ շատ բան խորհելու տեղիք տվեց: Շատ հետաքրքիր բաներ եմ տեսել: Եղել եմ այն վայրում, որտեղ մահացած մարդկանց մարմինները հնդկական ավանդույթներով այրում են, այն շենքում, որտեղ հիվանդ կամ ծեր մարդիկ հավաքված սպասում են մահվան ժամին: Հետաքրքիրն այն էր, որ հնդիկների համար մեծ երազանք է այդ քաղաքում մահանալը: Նրանց թվում է՝ եթե այդտեղ մահանան, ապա իրենց հոգին կենդանու մեջ չի մտնի»,- ավելացրեց երգիչը:

 

 

Հանգստյան վերջին օրը զրուցակիցս եղել է Մամբու քաղաքում և բոլորովին այլ կողմից բացահայտել էկզոտիկ այդ երկիրը :) «Մամբուն զարգացած քաղաք էր, այնտեղ ծանոթացա հնդկական ֆիլմարտադրությանը: Բախտս բերեց, ու պատահմամբ նոր ֆիլմի շնորհանդեսի ներկա գտնվեցի: Ապշած էի. այդպիսի միջոցառում եվրոպական զարգացած երկրներում են միայն կազմակերպում: Հայաստանում նման խնջույք դեռ տեղի չի ունեցել,- նկատեց Վարդանը՝ հավելելով, որ Հնդկաստանում եղած օրերին շատ է կարոտել Երևանն ու անհամբեր սպասել վերադարձին: -Այդ տաս օրերի ընթացքում ամեն պահ շնորհակալություն էի հայտնում Աստծուն, որ այդ տեսակ երկրում չեմ ծնվել: Հնդկաստանը որքան էլ հետաքրքիր ու էկզոտիկ էր, նույնքան էլ փնթի ու հակահիգիենիկ էր: Գանգես գետում մարդիկ ատամներն ու ոտքերն էին միաժամանակ լվանում, լողանում էին, մահացած մարդկանց մարմինը լվանում, այրված դիակի փոշին թափում ու այդպես շարունակ: Զզվելի վայրերում, որտեղով անգամ անցնել հնարավոր չէր, ախորժակով հաց էին ուտում: Շատ փնթի ժողովուրդ էին»:

 

 

Խոսելով հնդկացիների հյուրասեր լինելուց՝ նա նշեց. «Հնդկացիների մասին խոսք չկա, «քցող» ժողովուրդ էին, չնայած ինձ թվում է՝ բոլոր երկրներում էլ այդպես է. փորձում են զբոսաշրջիկների հաշվին լավ փող աշխատել: Դեպք եղավ, որ տաքսի նստեցի ու վարորդին տալով հասցեն խնդրեցի տեղ հասցնել: Հասկանալով, որ տեղանքին ծանոթ չեմ, մինչև վերջ չտարավ, ճանապարհի կեսին կանգնեց ու ասաց, որ հասել եմ :) Շատ աշխատասեր մարդիկ են, օրուգիշեր տքնում են մի կոպեկ փող աշխատելու համար: Տանջալից օրից հետո դեմքներից ժպիտը չի պակասում, մի այլ կարգի լավատես են»,- հնդկական տպավորությունների մասին պատմեց Վարդանը:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը