Դուդուկահար Կամո Սեյրանյանի ստեղծագործական կյանքում այս տարի նորությունների պակաս չի զգացվի :) Նա 

համերգային շրջագայություններով հանդես կգա ոչ միայն Հայաստանումայլև ԱՄՆ-ում ու Եվրոպայում:

 


ESem.am-ի հետ զրույցում անդրադառնալով երգչուհի Սիրուշոյի հետ ոչ առաջին համգործակցությանը, դուդուկահարն ասաց. «Սիրուշոյի հետ համագործակցել ենք Ձախ Հարութի բեմական գործունեության 50 ամյակին նվիրված համերգային ծրագրի շրջանակում. նա պետք է երգեր Հարութի «Տարիներ» երգը, իսկ ես նվագակցեի: Երբ փորձերի ժամանակ մտածում էինք՝ ոնց ներկայացնել երգը, նա առաջարկեց զուգերգով հանդես գալ, այսինքն՝ երկրորդ երգչի փոխարեն իմ դուդուկը հնչի»:

 

 

Ստեղծագործական բուռն կյանքով ապրող երաժիշտն այս օրերին իր խմբի՝ «Forbidden saints»-ի հետ, որի կազմում ամերիկացի երաժիշտներ են, պատրաստվում է մեծ մենահամերգի: «Արդեն 4 տարի է, ինչ «Forbidden saints» խմբի բաժնետերերից եմ: Խմբի բոլոր արդամները ամերիկացի լավագույն երաժիշտներ են, միայն ես եմ հայ: Այժմ մենք մեծ մենահամերգի ենք պատրաստվում, որը տեղի կունենա մայիսի 3-ին ԱՄՆ-ի Nokia թատրոնում»,- հայտնեց երաժիշտը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այս տարի մենահամերգով հանդես կգա նաև Երևանում:

 

 

«2015-ին նախատեսում եմ անպայման մենահամերգ ունենալ Հայաստնում: Շատ լուրջ աշխատանքներ են տարվելու, համերգային ծրագիր է կազմվելու, լուրջ երաժիշտներ են ինձ հետ բեմում լինելու: Նախատեսում էինք գարնան վերջ անել համերգը, բայց ԱՄՆ-ում կայանանալիք մենահամերգը խախտեց մեր ծրագրերը, բայց մինչև աշուն հաստատ կլինի»,- մանրամասնեց Կամոն՝ նշելով, որ համերգը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100 ամյակին:

 

Տեղեկացնենք նաև, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայկական դուդուկը հնչեցրած Կամո Սեյրանյանը վերջերս է վերադարձել Շվեյցարիայից, որտեղ ինքն ու «Forbidden saints» խումբը մենահամերգ են ունեցել:

 

 

Մեզ հետ զրույցում դուդուկահարն ասաց, որ առաջիկայում իր երկրպագուներին կներկայանա նաև նոր տեսահոլովակով: «Անկեղծ ասած՝ մի տեսահոլովակ ունեմ, որն արդեն կիսով չափ պատրաստ է: Հետաքրքիր գործ է՝ լատինամերիկյան երաժշտության և դուդուկի ու շեփորի միքս տարբերակը: Դուդուկն ավելի ժամանակակից ռիթմերի մեջ է, իսկ շեփորը՝ ջազ ոճում :),- պատմեց դուդուկահարը՝ հավելելով,- քանի որ նոր տեսահոլովակն ավելի պարային է, դրա պրեմիերան տեղի կունենա Ցեղասպանության տարելիցից հետո»:

 

 

Պարզվում է՝ Կամոյի երկու երեխաներն էլ պատրաստվում են շարունալկել հոր գործը :)

 «Տղաս, ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որին զուգահեռ վոկալ խմբակ է այցելում: Վստահ եմ՝ լավ երաժիշտ է դառնալու: Աղջիկս սովորում է Երգի պետական թատրոնում: Նա էլ է օժտված, շատ լավ է երգում»,- ասաց Կամոն՝ չհերքելով, որ շատ երջանիկ կլինի, որ երեխաները շարունակեն  իր գործը:

 

 

«Ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, ես միայն կօգնեմ ու կսատարեմ իրենց: Երբեք չեմ միջամտի իրենց կայացմանը, թող իրենք էլ ինձ պես դժվարությամբ հասնեն այն ամենին, ինչին, որ ես եմ հիմա հասել. այդ կերպ կգնահատեն իրենց ունեցածը»,- շեշտեց դուդուկահարը՝ ավելացնելով, որ այս պահին ցանկություն չունի, որ երեխաները դեռ չմեծացած՝ հայտնի դառնան:

 

«Նրանք դեռ պետք է սովորեն: Հիմա նրանց կրթվելու տարինքն է, ոչ թե հայտնի դառնալու: Հայտնի միշտ էլ կարող են դառնալ, դրա համար նախ սովորել, հմտանալ է պետք»,- ընդգծեց Կամոն:


Զրուցեց Մերի Պողոսյանը