Ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Սասունցին օրերս է վերադարձել Լիբանանից, որտեղ «Սասնա էրգիր» խորագիրը կրող ժողովրդական երգերի երեկո է ունեցել հայերի համար:

 

 

ESem.am-ը երգչի հետ զրուցել է համերգային ծրագրի, Լիբանանից ստացած տպավորությունների և ստեղծագործական առաջիկա նորությունների մասին:

 

«Լիբանանում համերգային ծրագրով ներկայանալու առաջարկը եղել է «Նիկոլ Դուման» ընկերության կողմից, ինչն էլ սիրով ընդունեցի: Մարտի 6-ին և 8-ին ելույթ ունեցա այնտեղ ապրող իմ հայրենակիցների համար: Համերգային երկու օրերին էլ դահլիճը լեփ-լեցուն էր»,- ESem.am-ին հայտնեց երգիչը:

 

 

Ըստ նրա՝ համերգները հիասքանչ և ուրախ են անցել: «Համերգներից մեծ բավականություն ստացա: Կազմակերպիչները շատ լավ էին պատրաստվել: Նախապես բուկլետներ էին տպել ու բաժանել դահլիճում, որոնց մեջ ոչ միայն իմ մասին պատմող փոքրիկ տեղեկատվական նյութ կար, այլև այդ օրվա երգացանկում ընդգրկված երգերի բառերը. հանդիսատեսն ինձ հետ հավասար երգում ու պարում էր»,- մանրամասնեց Ռուբենը: Վերջինիս խոսքով՝ Բեյրութում ամենուր իր մենահամերգի պաստառներն են եղել, ինչն էլ իրեն շատ է ոգևորել:

 

 

Երգչի փոխանցմամբ՝ կինն ու երեքամյա որդին՝ Արեգը, ուղեկցել են իրեն: «Քանի որ մենահամերգս համընկնում էր Մարտի 8-ի հետ, որոշեցի կնոջս անակնկալ մատուցել ու, որպես նվեր, ինձ հետ տանել Լիբանան: Տղաս շատ ոգևորված էր.  երբ ինձ բեմում տեսնում է, ամեն ինչ անում է իմ կողքին հայտնվելու համար :) Ամբողջ երեկոյի ընթացքում բեմում էր. հայկական տարազով եռագույնն էր ծածանում, երգում ու պարում: Մի փոքր ամաչում էի, մտածում էի՝ հանդիսատեսը չկարծի, որ ընտանիքիս գովազդն եմ անում, անգամ ներողություն խնդրեցի նրանցից, բայց վերջիններս շատ ըմբռնումով վերաբերվեցին»,- պատմեց ժողովրդական երգիչը:

 

 

Ըստ նրա՝ աշխատանքին զուգահեռ հասցրել են նաև մի լավ հանգստանալ, շրջել քաղաքով, հայկական դպրոցներ, եկեղեցիներ ու թանագարան այցելել: «Հայկական երեք դպրոցում եմ եղել, որտեղ սաները, շնորհիվ տեղի հայ համայնքի, հայեցի դաստիարակություն ու կրթություն են ստանում: Նրանց հետ երկար զրուցեցինք  մեր երկրի, ժողովրդի, հերոսական անցյալի, ավանդույթների և այլնի մասին»,- ավելացրեց Ռուբենը՝ նկատելով, որ Լիբանանում ապրող երիտասարդների մեջ հայրենիքի նկատմամբ սերը շատ ուժեղ է:

 

 

Խոսելով Հայաստանյան հանդիսաստեսի համար նախատեսած նորություններից՝ երգիչն ասաց. «Այս պահին իմ նոր ձայնասկավառակի  վրա եմ աշխատում, որում ընդգրկված են լինելու հայրենասիրական հին երգեր: Կարծում եմ՝ մեկ ամսից արդեն վաճառքում կլինի: Նախատեսում եմ սեպտեմբերին մենահամերգով հանդես գալ նաև Հայաստանում: Ես ու ռեժիսոր Արամ Սուքիասյանը շուտով կսկսենք զբաղվել դրա նախապատրաստական աշխատանքներով»,- վստահեցրեց Ռուբենը:

 

 

Երգչի փոխանցմամբ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ինքն ու «Հայորդիք» խումբն առաջիկա օրերին համերգային ծրագրով հանդես կգան նաև Մոսկվայում, ապա՝ Կանադայում:

 

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը