Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«Հարգելի լրագրողներ, Եվրատեսիլի երկրպագուներ և ոչ երկրպագուներ, 
ներեք, որ չեմ արձագանքում Ձեր զանգերին, մեկնաբանություններին, քանզի գտնվում եմ գործուղման մեջ` Շվեդիայի եվրատեսիլյան ընտրությանը` որպես հայաստանյան ժյուրիի խոսնակ: Հետևում եմ եվրատեսիլյան մեր երգի արձագանքներին, մարդկանց հիացմունքին, հնչող կարծիքներին, բայց ուզում եմ խնդրել, որ զերծ մնաք ձեր հոդվածներում ու մեկնաբանություններում քաղաքական շահարկումներից: Մեր երգը սիրո, միասնության ու հաշտության մասին է, ինչն էլ յուրովի արտահայտվել է տեսահոլովակում:


Գերդաստանը` որպես մարդկության, սերնդափոխության խորհրդանիշ, թռչունը` որպես խաղաղության, ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման, ինչպես որ նշված է մեր պաշտոնական հաղորդագրության մեջ: Հորդորում եմ չշահարկել Genealogy խմբի անդամներին քաղաքական թեմաներում: Եվրատեսիլը երգի մրցույթ է իր ուրույն կանոններով և ոչ թե քաղաքական հարթակ: Ակնկալում եմ ձեր զսպվածությունն ու թիկունքը մեր կարևոր ճանապարհին»: