Բրիտանական Empire հանդեսը հրապարակել Է պատմության մեջ լավագույն հերոսական ֆիլմերի ցուցակը: Վարկանիշը կազմվել էընթերցողների քվեարկության արդյունքներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջին տեղում հայտնվել է Քրիստոֆեր Նոլանի «Թուխ ասպետը» կինոնկարը՝ Քրիստիան Բեյլի (Բեթմեն) եւ Հիթ Լեջերի (Ջոքեր) մասնակցությամբ, որն իր դերասանական աշխատանքի համար «Օսկար» է ստացել « տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» կատեգորիայում: Ընդամենը հրատարակության ցուցակում նշված է 30 ժապավեն:

 

Կոմիքսների վրա հիմնված լավագույն ֆիլմերի առաջին տասնյակը, ըստ Empire-ի ընթերցողների վարկածի, այսպիսին է.

  1. «Թուխ ասպետը» (2008, Քրիստոֆեր Նոլան, դերերում՝ Քրիստիան Բեյլ, Հիթ Լեջեր)
  2. «Իքս մարդիկ 2» (2003, Բրայան Սինգեր, դերերում՝ Հյու Ջեքման, Պատրիկ Սթյուարթ, Իեն Մաքքելեն, Հոլի Բերի)
  3. «Սուպերմեն 2» (1980, Ռիչարդ Լեսթեր եւ Ռիչարդ Դոներ, գլխավոր դերում՝ Քրիստոֆեր Ռիվ)
  4. «Վրիժառուները» (2012, Ջոս Ուիդոն, դերերում՝ Ռոբերտ Դաունի-կրտսեր, Մարկ Ռուֆալո, Քրիս Էվանս, Սքառլեթ Յոհանսոն)
  5. «Սուպերմեն» (1978, Ռիչարդ Դոներ, գլխավոր դերում՝ Քրիստոֆեր Ռիվ)
  6. Սարդ-մարդ 2» (2004, Սեմ Ռեյմի, գլխավոր դերերում՝ Թոբի Մագուաեր, Քրիսթեն Դանսթ, Ջեյմս Ֆրանկո)
  7. «Բեթմենը վերադառնում Է» (1992, Թիմ Բերթոն, գլխավոր դերում՝ Մայքլ Քիթոն)
  8. «Անխոցելին» (2000, Մ.Նայթ Շյամալան, գլխավոր դերերում՝ Բրյուս ՈՒիլս եւ Սեմյուել Լ.Ջեքսոն)
  9. «Հսկիչները» (2009, Զաք Սնայդեր, գլխավոր դերերում՝ Պատրիկ Ուիլսոն, Մալին Աքերման, Բիլլի Քրուդափ)

10.     «Գալակտիկայի պահակները» (2014, Ջեյմս Հան, գլխավոր դերերում՝ Քրիս Փրաթ, Զոյի Սալդանա, Վին Դիզել):

 

Դրամարկղային մուտքերի արդյունքները չեն համընկնում Empire-ի ընթերցողների ընտրության հետ: Առեւտրային առումով ամենահաջողված ֆիլմը ցուցակում «Վրիժառուներ» բլոքբասթերն Է, որը վաստակել է 1,5 մլրդ դոլար: Երկրորդ տեղում «Թուխ ասպետ»-ն է, որի եկամուտը կազմել է 1 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի: Երրորդ դիրքում «Սարդ-մարդ 2»-ն Է, որի դրամարկղային մուտքերը կազմել են 783 միլիոն դոլար:   

 

Empire-ի վարկանիշում կան կինոնկարներ, որոնք հաջողություն չեն ունեցել վարձույթում: Օրինակ՝ «Հսկիչները» ֆիլմին հաջողվել է հավաքել միայն 185 միլիոն դոլար՝ 130 միլիոն դոլար բյուջեի դեպքում: