Այս շրջանում «Ֆուլ հաուս»-ում նկարահանվող Մոսո Կարապետյանը պատասխանեցESem.am-ի հարցերին ու որոշ բացահայտումներ արեց: Թատերական ինստիտուտն ավարտած դերասանի հետ խոսել ենք իր կերպարի, դրա մասին ստացած արձագանքների, նոր ներկայացումների, անձնագրային անվան ու անձնական կյանքի մասին:

 

- Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստաեթերում, սերիալներում:

- Հեռուստատեսությունում հայտնվել եմ 2007-2008 թվականներին, երբ Գրիգոր Դանիելյանից առաջարկ ստացա խաղալու «P.S. club»-ում: Իսկ սերիալներում հայտնվել եմ զինվորական ծառայությունից հետո` 2012 թվականին, երբ Արմեն Պետրոսյանը` Մենչը, առաջարկեց խաղալ «Եռաչափ սեր» սերիալում:]

 

- Այժմ «Ֆուլ հաուսում» մարմնավորում ես Հրաչին. ի՞նչ արձագանքներ ես հիմնականում ստանում: Որևէ նմանություն ունե՞ք:

- Հիմնականում շատ լավ ու դրական արձագանքներ եմ լսում. վատ բաներ դեռ չեմ լսել: Նկատել եմ, որ շատ են կրկնօրինակում Հրաչին: Ես և Հրաչը բացարձակ նման չենք իրար, բայց հեշտությամբ եմ մրամնավորում այդ կերպարը: Կարելի է ասել՝ հենց նկարահանման հրապարակ եմ մտնում, դառնում եմ Հրաչ :) Իմ կարծիքով, Հրաչը ուժեղ, քյարթու տղա է, մտածում է, որ իր ասածն ամենաճիշտն է: Նրան հանգամանքներն ու վայրը չեն հետաքրքրում, անում է այն, ինչն իր կարծիքով ճիշտ է:

 

- Ի՞նչ ես կարծում, Հրաչի նման տղաները մեր հասարակությունում շա՞տ են:

- Կոնկրետ Հրաչի նման կերպարների չեմ հանդիպել, բայց այդ մտածելակերպի մարդիկ շատ են. ճանաչում եմ, նույնիսկ ընկեր էլ ունեմ: Ավելին, շատ բաներ նրանից եմ գողացել, որովհետև մեր կերպարները հենց շրջապատից ենք կերտում:

 

 

 

- Սերիալային գործընկերներիդ հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունես:

- Բոլորի հետ ընկերական եմ: Մարդիկ կան, որոնց վաղուց եմ ճանաչում, ոմանց հետ նոր եմ ծանոթացել: Բոլորի հետ էլ ժամանակ առ ժամանակ շփվում եմ:

 

- Երազե՞լ ես դերասան դառնալու մասին:

- Չեմ կարող ասել՝ երազել եմ, բայց անկախ ինձնից կամաց-կամաց ստացվել է: 9-րդ դասարանից սկսած խաղացել եմ դպրոցական KBH-ում, որի շրջանակներում մեր թիմը չեմպիոն է դարձել, ու տեղափոխվել ենք ուսանողական լիգա: Այդպես էլ առաջացել է դերասան դառնալու ցանկությունը: Նաև մի անգամ ներկայացում եմ դիտել Համազգային թատրոնում, շատ եմ հավանել ու որոշել եմ Թատերական ընդունվել, դերասան դառնալ:

 

- Ի՞նչ է քեզ տվել Թատերականում սովորելը և որքանո՞վ ես դերասանի համար կարևորում մասնագիտական կրթությունը:


- Եթե որևէ մեկն իրեն դերասան է համարում, ապա պետք է կրթություն ունենա: Իսկ եթե այդ կրթությունը ստանում է Թատերականում, ապա ուզի թե չուզի, ինչ-որ բան սովորում է: Կարծում եմ՝ դերասան դառնալու համար պետք է Թատերականի ձեռքի տակով անցնել, կամ էլ այնպիսի պրակտիկա ու տաղանդ ունենալ, որ կրթույթունն անհրաժեշտ չլինի: Թեև շատերին Թատերականի առօրյան է գրավում, պարզապես ցանկանում են ընդունվել ու վայելել ուսանողական օրերն այնտեղ: Ինձ Թատերականում սովորելը 4 լավ տարի է տվել` ուսանողական գեղեցիկ կյանքով: Բայց բացի դրանից, շատ բան եմ սովորել, հասկացել եմ՝ ինչ է դերասանի մասնագիտությունը: Այնպես որ, շատ եմ կարևորում կրթությունը, սակայն կապ չունի՝ Թատերականում դա կստանաս, թե որևէ ստուդիայում: Բայց, իհարկե, այստեղ էլ տարբերություն կա: Չես կարող Սունդուկյան թատրոնի ստուդիան համեմատել որևէ մեկի ստեղծած ստուդիայի հետ: Այս ամենը, սակայն, ասում եմ թատրոնի բեմում խաղալու համար, իսկ սերիալում խաղալու համար այնքան էլ կարևոր չէ:

 

 

- Դերասանի համար կարևորո՞ւմ ես թատրոնում աշխատելը: Եթե այո, ո՞ր թատրոնում կցանկանայիր խաղալ:


- Դերասանի համար թատրոնում աշխատելը կարևորում եմ այնքանով, որ նա միշտ ֆորմայի մեջ է մնում: Կամ եթե նույնիսկ չես էլ աշխատում որևէ թատրոնում, բայց խաղում ես կոմերցիոն ներկայացումներում, արդեն լավ է: Չես կարող միայն նկարահանվել սերիալում, գնալ տուն և ասել` ես դերասան եմ: Ճիշտ է, առաջարկներ դեռ չեմ ստացել որևէ թատրոնում աշխատելու, բայց շատ կցանկանամ աշխատել Պարոնյան թատրոնում, որովհետև կոմեդիայի ժանրը ինձ ավելի հոգեհարազատ է:

 

- Ո՞րն է քո երազանքների դերը, կերպարը, որը կցանկանաս անպայման խաղալ:

 

- Երբ մեծանամ ու հասնեմ այդ մակարդակին, շատ կցանկանամ խաղալ Ռիչարդ Երրորդի կերպարը` համանուն պիեսում:

 

 

- Այս ոլորտում ո՞րն է այն գագաթնակետը, որին փորձում ես հասնել:

- Այս հարցին շատ ավելի ուշ կպատասխանեմ, որբ հասնեմ այն մակարդակին, որ ինձ հրավիրեն խաղալու Ռիչարդ Երրորդի դերը:

 

- Տեղյակ եմ, որ այս պահին նաև նոր ներկայացումներում ես ընդգրկված:

- Այո, այս պահին խաղում եմ երկու նոր ներկայացման մեջ: Առաջինը` ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի «Հիվանդները» ներկայացումն է, որում մարմնավորում եմ կնամոլ մի տղամարդու, ով շատ է վախենում իր կնոջից: Իսկ երկրորդը` Աշոտ Հակոբյանի բեմադրած «Գիշատիչների խնջույքը» ներկայացումն է, որտեղ մարմնավորում եմ օկուպացված երկրի ֆրանսիացի բժշկի` Դոկտոր Քարտին: Մանրամասները մարտի 17-ին` պրեմիերայի օրը:

 

- Ո՞ր հատկանիշներդ կբացահայտես:

-Կարծում եմ՝ բարի եմ, համբերատար, ուշ բռնկվող, ընկերապաշտ: Որքան ել համբերատար եմ, բայց եթե համբերության բաժակը լցվեց, ջղայնանում եմ ու դառնում անճանաչելի. բայց դա հազվադեպ է լինում:

 

 

- Նկարահանումներից բացի , ինչպե՞ս է անցնում առօրյադ:

- Քանի որ որևէ թատրոնում չեմ աշխատում, առավոտյան ուշ եմ արթնանում: Օրվա մեծ մասն անցկացնում եմ ներկայացման փորձերի գնալով, իսկ երեկոյան… ընկերներով հավաքվում ենք՝ կա՛մ ներկայացում դիտելու եմ գնում, կա՛մ ֆուտբոլ եմ դիտում, իսկ օրվա ավարտին պարտադիր մի ֆիլմ եմ դիտում, նոր քնում եմ:

 

- Տեղյակ եմ, որ անձնագրով Աղվան Կարապետյան ես: Ինչպե՞ս և ե՞րբ սկսեցին քեզ Մոսո ասել:

- Ինձ փոքրուց են Մոսո ասել: Մայրս բոլոր փոքրիկներին «մուս» է ասում, ինձ էլ է այդպես անվանել ու ժամանակի ընթացքում «մուսը» դարձել է Մոս ու Մոսո: Բոլորը գիտեն, թե իմ անունը Մոսո է: Նույնիսկ երբ պետավտոտեսուչը կանգնեցնում է, ես ներկայանում եմ որպես Մոսո, իսկ նա զարմանում է, քանի որ վարորդական իրավունքում գրված է՝ Աղվան Կարապետյան:

 

- Եթե չեմ սխալվում, ընկերուհի ունես: Ո՞վ է նա:

- Ընկերուհի չունեմ, պարզապես կա մի աղջիկ, ում հետ փորձում եմ լուրջ հարաբերություններ սկսել. դեռ չգիտեմ՝ ինչպես կստացվի: Նա իմ ոլորտից չէ, բայց ինչ-որ առումով կապ ունի արվեստի հետ:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը