«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Genealogy խմբով: Խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան է. նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը: Մերի – Ջինի ապշեցնող եւ բյուրեղի պես մաքուր սոպրանոն լցրել է բազմաթիվ հայտնի օպերային դահլիճներ: Նա հպարտորեն խոստովանում է, որ հայկական արմատներ ունի եւ մոր նվիրվածության արդյունքում ծանոթացել է հայկական երաժշտությանը, ոգեշնչվել Կոմիտասով, ֆլեյտա նվագել սովորել:

 

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Genealogy խումբը համախմբելու է աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են' իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:

Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, երրորդը՝ Վահե Թիլբյանն Աֆրիկա աշխարհամասից, իսկ չորրորդը՝ Ստեֆանի Թոփալյանն Ասիայից:

 

Ներկայացվելիք երգի վերնագիրն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: