«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 19-ին Ավստրիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքը, հունվարի 26-ին Վիեննայում անցկացվել է մրցույթի անդամ երկրների ելույթների հերթականությունը որոշող վիճակահանություն:


Առաջին կիսաեզրափակիչի առաջին հատվածում հանդես կգան նաև Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի ներկայացուցիչները, իսկ երկրորդ հատվածում՝ Սերբիայի, Դանիայի, Բելառուսի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Վրաստանի, Հունգարիայի մասնակիցները:

 

Երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 21-ին: Այդ օրն առաջին հատվածում ելույթ կունենան Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի, Լիտվայի, Սան-Մարինոյի, Մալթայի, Պորտուգալիայի, Մոնտենեգրոյի, իսկ երկրորդ հատվածում՝ Շվեյցարիայի, Ադրբեջանի, Սլովենիայի, Լատվիայի, Լեհաստանի, Իսլանդիայի, Իսրայելի, Կիպրոսի, Շվեդիայի մասնակիցները:

 

«Եվրատեսիլ- 2015»-ի եզրափակիչը կանցկացվի մայիսի 23-ին, որտեղ հանդես կգան նաև հիմնադիր երկրները՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, ինչպես նաև Ավստրիան՝ որպես նախորդ տարվա հաղթող։

 

Հայաստանյան պատվիրակի անունն ու երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի/արտիստների եւ երգի ներքին ընտրություն: 

 

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա խորագիրը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան: 

 

Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր՝ Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին: