Լոս Անջելեսում 83 տարեկան հասակում մահացել է դերասան Լեոնարդ Նիմոյը, ով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ամերիկյան ֆանտաստիկ «Star Trek» հեռուստասերիալում Սփոքի դերը մարմնավորելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ նա մահացել է Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող իր տանը: Անցյալ շաբաթ Նիմոյը հիվանդանոցում էր, որտեղ պետք է բուժում անցներ թոքերի հետ կապված հիվանդության առնչությամբ: Բժիշկներն անզոր են եղել, և մի քանի օրից դերասանը վերադարձել է տուն:

 

Նիմոյը ծնվել է 1931 թվականին ամերիկյան Բոստոն քաղաքում: Սկսել է խաղալ դեռևս դպրոցկան թատրոնում: Քսան տարեկան հասակում տեղափոխվել է Հոլիվուդ, և մեկ տարի անց սկսել դերեր ստանալ: 1960-ականներին ամերիկյան ֆանտաստիկ «Star Trek» հեռուստասերիալում Սփոքի դերը մարմնավորելը նրան մեծ հաջողություն է բերել: Նա նկարահանվել է «Star Trek»-ի 79 մասերում: Նիմոյը նաև ռեժիսոր էր, հետաքրքվում էր լուսանկարչությամբ, գրում փիլիսոփայական աշխատանքներ և բանաստեղծություններ: