«Սիրո գերին» սերիալում Արփիի դերը 17-ամյա Մարինկա Խաչատրյանի համար դարձավ դերասանական առաջին փորձը, որից հետո նա ճանաչվեց ու սիրվեց հեռուստադիտողների կողմից: ESem.am-ը Մարինկայի հետ խոսել է նրա իրական մասնագիտության, կերպարի հետ ունեցած նմանությունների, հաջողությունների ու անձնականի մասին:)
Կրթություն
Դերասանական ոլորտում իր առաջին քայլերն անող Մարինկա Խաչատրյանը դպրոցն ավարտելուց հետո ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը: «Դպրոցն ավարտելուց հետո մտածում էի կամ դառնալ դիմահարդար, կամ պարի գծով շարունակել ուսումս, քանի որ 7 տարի պարել եմ ժամանակակից պարեր: Արդյունքում ընտրեցի առաջին տարբերակը և ուսումս ստացա Նկարիչների միության «Make up» ատելյեում»,- հայտնեց 17-ամյա Մարինկան ու նշեց, որ շատ ուրախ է, որ այդ մասնագիտությունն ընտրելու համար, սակայն կարելի է ասել՝ չի հասցրել զբաղվել դրանով:
Այժմ նա մտածում է սեպտեմբերից նոր ուսում ստանալու մասին, սակայն թե որ բուհը կընտրի՝ դեռևս պարզ չէ. չի բացառվում նաև, որ նա դառնա Թատերական ինստիտուտի ուսանողուհի:
Դիմահարդարից մինչև դերասանուհի
Երիտասարդ Մարինկան «Շանթ» հեռուստաընկերության քասթինգի մասին տեղեկացել է ծանոթներից մեկից ու որոշել մասնակցել դրան: Նրա խոսքով՝ դժվար ճանապարհ է անցել, քանի որ մասնակիցները շատ էին: «Ասում էին, որ նման եմ գլխավոր հերոսուհուն՝ Անուշին մարմնավորող Սոֆյա Պողոսյանին»,-նկատեց Մարինկան և պատմեց, որ Արփիի դերակատարի համար ընտրվելուց հետո շոկի մեջ է եղել:
«Ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ, ինչպես նշեցի, մասնակիցները շատ էին: Անչափ ուրախ եմ, որ դերասան չլինելով, ինձ հավանեցին ու ընտրեցին»,-ասաց Մարինկան և նշեց, որ մայրը հենց սկզբից էլ իր կողքին է եղել, իսկ ահա եղբայրը մի քիչ երկմտել է: «Սկզբում եղբայրս, կարելի է ասել, դեմ էր, բայց ընթացքում հասկացավ, որ գուցե դա իմն է ու պիտի փորձեմ»,- ասաց նա:
Արփին ու Մարինկան նման են իրար
Մարինկան չի թաքցնում, որ սերիալում նկարահանվելը իրեն մեծ փորձ ու ճանաչում է տվել, ինչի համար շատ ուրախ է: Նրա խոսքով՝ ինքն ու Արփին նմանություններ ունեն: «Իրոք, Արփիի կերպարը շատ մոտ ու հարազատ է ինձ: Ես էլ նրա պես ինչ-որ քայլ անելուց առաջ նախ մտածում եմ, հետո միայն գործում»,-նշեց սերիալային դերասանուհին:
Ըստ նրա՝ սերիալը դիտողների 98 տոկոսը իրեն սիրում է. «Ուրախ եմ, որ սիրում ու գնահատում են աշխատանքս: Շատ ուրախ եմ նաև, որ այս ոլորտում առաջին քայլերս այսպիսին եղան»:
Դժվարություններ
Մարինկայի համար նկարահանումների սկզբնական փուլում դժվարություններ են առաջացել տեսախցիկի հետ աշխատելու առումով: «Անկեղծ ասած, մինչ նկարահանման հրապարակ գնալը ինձ թվում էր, որ ավելի բարդ կլինի, սակայն տեղում հասկացա, որ սպասվածից հեշտ է. կարողացա հաղթահարել»,- նշեց Արփիի դերակատարը և հավելեց, որ տեքստը շուտ սովորելը ևս դժվար էր, բայց այդ ամենը մնացել են առաջին մի քանի սերիաներում:
Մարինկայի փոխանցմամբ՝ նկարահանումների ժամանակ իրեն շատ են օգնել ավագ գործընկերները: «Երբ դիմացդ ավելի հասուն ու փորձառու է, քեզ համար էլ է հեշտ լինում խաղալը»,- շեշտեց զրուցակիցս: Նրանից տեղեկացանք նաև, որ եղել են տեսարաններ, որոնց ընթացքում իսկապես հուզվել ու լաց է եղել, թեև սցենարով այդպես նախատեսված չի եղել: «Ինձ հաճախ են ասում՝ ինչու եմ անընդհատ լացում, բայց տեսարաններ են լինում իսկապես հուզվում եմ»,- նկատեց նա:
Քննադատություններ
Երիտասարդ սերիալային դերասանուհին ESem.am-ի հետ զրույցում անդրադարձավ նաև իր հասցեին հնչած քննադատություններին, որոնք, ի դեպ, լսում է, բայց աշխատում է սրտին մոտ չընդունել: «Մեկ-մեկ մեկնաբանություններում տեսնում եմ՝ գրում են, որ մեծամիտ եմ, իմ ինչն է լավը, որ մարդիկ սիրում են ինձ: Պարզապես կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր չեն ընդունում, դրա համար էլ աշխատում եմ ուշադրություն չդարձնել»,-ավելացրեց Մարինկան:
Զբաղմունքներ
Սերիալային դերասանուհու փոխանցմամբ՝ անընդհատ նկարահանումների է լինում, ինչի պատճառով էլ գրեթե չի ունենում ազատ ժամանակ: Նա նշեց, որ եղած ազատ ժամանակն էլ փորձում է ընտանիքի հետ անցկացնել, ընկերներին հանդիպել, ովքեր հաճախ նեղանում են: Բացի այդ, Մարինկան լիցքաթափվում է, երբ երաժշտություն է լսում կամ շոփինգի է գնում. նա սիրում է նաև երգել ինքն իր համար:
Նպատակներ, երազանքներ
Մարինկայի երազանքն այն է, որ ընտանիքը միշտ կողքին լինի. «Մնացածը առաջ Աստված, որը բարին է, կլինի»:
Առաջիկա ծրագրերից խոսելով՝ երիտասարդ դերասանուհին ընդգծեց, որ ցանկանում է հետագայում էլ շարունակել ներկայանալ որպես դերասանուհի ու խորանալ մասնագիտության մեջ, քանի որ իր մոտ շատ լավ ու արագ ստացվեց կարիերան. «Քանի որ ինձ կայացած դերասանուհի չեմ համարում, նպատակ ունեմ կայանալու»:
Անձնական կյանք
Մարինկայի սիրտը դեռ ազատ է: Թեև երկրպագուների բանակը մեծ է, նա դեռ չի մտածում որևէ մեկին հնարավորություն տալու մասին: «Դեռևս չեմ ցանկանում ընտրել երկրորդ կեսիս, քանի որ այժմ կարիերայիս մասին եմ մտածում»,-ասաց դերասանուհին և նշեց այն հատկանիշները, որոնք պետք է ունենա իր սիրտը գրավել ցանկացող տղան. «Ամենակարևորը, կողակիցս պետք է լինի խելացի անձնավորություն, հասկացող ու նվիրվող, քանի որ ինքս էլ այդպիսին եմ»:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը