Դերասան Խորեն Լևոնյանը խաղացել է «Россия» հեռուստաալիքի պատվերով նկարահանված 4 մասից բաղկացած նոր մարտաֆիլմում, որը կոչվում է  «Правила охоты. Штурм»: «HK productions»-ի մասնակցությամբ «Berg sound»  ընկերության արտադրած ֆիլմի բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակը և պրոդյուսերը՝ Միխայիլ Պողոսովը: Այն եթերում կլինի փետրվարի 28-ից:

 

 

ESem.am-ի հետ զրույցում Խորենը մի շարք բացահայտումներ է արել ֆիլմի ու կերպարի մասին:) 25 օրում նկարահանված ֆիլմում հեռուստադիտողներն առաջին անգամ դերասանին կտեսնեն չար կերպարով:

 

«Դա ամենահետաքրքիր մասն է: Որպես դերասան՝ բացասական կերպարով ներկայանալը հեշտ չէր. երկար ու բարդ աշխատանք էր պահանջում: Կարծում եմ՝ դերասանի մասին որոշակիորեն կարծիք է ձևավորում, եթե կարողանում է դա անել,- ասաց նա ու նկատեց, որ իր կարծիքով՝ հանդիսատեսն իրեն նորովի կճանաչի: -Ես ամեն ինչ արել եմ, որ այդպես լինի, այս դեպքում՝ հակառակ կողմ եմ ցույց տվել»: Ըստ Խորենի՝ բարի հերոսների մարմնավորելն ինչ-որ չափով ավելի հեշտ է:

 

 

Մարտաֆիլմում Խորենի հերոսը վրիժառու է: «Կերպարս ենթադրում է նաև ֆիզիկական պատրաստվածություն: Առաջին անգամ էի այս մասշտաբի մարտաֆիլմում նկարահանվում, ինչը հեշտ չէր: Մարզական պատրաստվածություն միշտ ունեցել եմ, իսկ մարտական պարաստվածություն ձեռք եմ բերել նկարահանումների ընթացքում»,- ասաց դերասանն ու նշեց, որ բոլոր մարտական տեսարաններում ինքն է նկարահանվել:

 

 

Ռուսական շուկայի համար նախատեսված ֆիլմում Խորենը ևս մի «փորձություն» է հաղթահարել. խոսել է երեք լեզվով՝ ռուսերեն, անգլերեն և արաբերեն: «Արաբերեն սովորել եմ հատուկ այս ֆիլմի համար: Արտասանության առումով շատ դժվար լեզու էր»,- նկատեց դերասանը:

 

Գլխավոր դերերում ներկայանում են Խորեն Լևոնյանը,  Յուրի Կորմուշինը, Դմիտրի Կլեպատսկին, Դավիթ Կացարավան: Դերասանը նշեց, որ այս ֆիլմում բոլորն իր համար նոր խաղընկերներ են:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը