ESem.am-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան, ռեժիսոր, օպերային երգիչ Արման Նշանյանը Հայաստանում արդեն հայտնի «Կենտ զույգը» ներկայացումը դերասանական նոր կազմով կբեմադրի ԱՄՆ-ում: Գլխավոր հերոսին, որին Հայաստանում մարմնավորում էր դերասան Սոս Ջանիբեկյանը, ԱՄՆ-ում կմարմնավորի դերասան Դավիթ Սեխպեյանը, ում հետ ESem.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել:)
«Ի սկզբանե Արմանն ինձ այլ դեր էր առաջարկել, պետք է խաղայի հաշվապաhի կամ ոստիկանի կերպարը, սակայն ի վերջո այնպես ստացվեց, որ Օսկարին մարմնավորեցի»,- ասաց դերասանն ու հավելեց, որ իր համար շատ հետաքրքիր էր աշխատել Արմանի հետ, քանի որ վերջինը տաղանդավոր երիտասարդ է:
«Արմանը շատ հետաքրքիր երևույթ է: Վստահ էի, որ հետաքրքիր, ադրենալինով լի աշխատամք է լինելու և շատ ուրախ եմ, որ չեմ սխալվել: Օր օրի ինձ համար նոր բացահայտումներ եմ անում կապված թե՛ Արմանի, թե՛ աշխատանքի հետ: Ինձ համար սա ուրիշ տեսակի աշխատանք է, ուրիշ ձեռագրով, որն ինձ շատ հարազատ դարձավ: Մեծ սպասելիքներ ունեի և ուրախ եմ, որ ոչ մի անգամ չեմ հիասթափվել: Ընդհակառակը՝ անընդատ հաճելի անակնկալի եմ եկել»,- ընդգծեց Դավիթը:
Դերասանի փոխանցմամբ՝ գլխավոր խնդիրը, որ Արմանը դրել է բոլոր դերասանների առաջ, եղել է կատակերգական ժանրում խնդրի խորությունը, մարդու ցավը, մենակությունը, անհատականությունը չկորցնելը: «Հաճախ կոմեդիան դառնում է ծիծաղեցնելու միջոց ու ամբողջ էությունը կորչում է, մինչդեռ գրականության մեջ չկա կերպար, որը խորը չլինի, ամեն բան կախված է նրանից, թե ռեժիսորն ու դերասանն ինչպես կընկալեն ու կմատուցեն այն»,- նշեց նա:
Ամերիկաբնակ հանդիսատեսի համար «Կենտ զույգը» դարձել է «Կինն է այդպես որոշել»: Ըստ Դավթի՝ այսպիսով կարևորել են «կին» երևույթի դերն ու նշանակությունը:)
Դերասանը հայտնեց, որ Հայաստանում կայացած ներկայացումը դիտել է վիդեոտարբերակով: «Շատ-շատ տպավորված եմ Սոս Ջանիբեկյանի խաղով: Ուզում եմ շնորհավորել Սոսին, որովհետև ընտիր աշխատանք էր արել: Ես մեծ բավականություն եմ ստացել վիդեոն նայելուց ու պատկերացնում եմ, թե հանդիսատեսն ինչ բավականություն է ստացել»,- ընդգծեց դերասանը:
Իր և Սոսի խաղի գլխավոր տարբերության մասին խոսել Դավիթը դժվարացավ: «Այն, որ երկու տարբեր դերասան են մոտեցել կերպարին, արդեն նշանակում է, որ տարբեր լուծումներ կան, թեև ռեժիսորի խնդիրը մեկն է: Իմ և Սոսի գերխնդիրն այս կերպարում նույնն է, հասնելու ճանապարհներն են փոքր-ինչ տարբեր, որովհետև ես և նա շատ տարբեր ենք: Էստեղ զուտ անձերի խնդիրն է. իմ անձը՝ խառնվելով Օսկարին, այլ միքս է դարձել, Սոսի անձը՝ այլ»,- նկատեց նա:
Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը