Երգչուհի Սոնա Շահգելդյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 29 տարին, ինչի կապակցությամբ արդեն իսկ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:
Կեսգիշերին Սոնային շնորհավորել է սիրելին, ում ով լինելը երգչուհին շարունակում է գաղտնի պահել, սակայն ESem.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ կեսգիշերին հաճելի անակնկալ է ստացել ընտրյալի կողմից:
«Նա շատ գեղեցիկ ծաղկեփունջ է նվիրել ինձ, ապա միասին նշել ենք և՛ տարեդարձս, և՛ սիրո տոնը»,- ասաց Սոնան: Երգչուհու փոխանցմամբ՝ ինքն ու սիրելին նախընտրել են ոչ թե ինչ-որ տեղ գնալ, այլ զբոսնել ու վայելել օրը: «Երբ ինչ-որ տեղ ես գնում, ամեն օր դառնում է նույնը»,- նկատեց նա:
Սոնային շատ է տպավորել նաև մորաքրոջից ստացա նվերը: «Շատ գեղեցիկ ոսկյա զարդ է տվել ինձ, որը Վատիկանից հատուկ ինձ համար է բերել: Ինձ համար այդ նվերը շատ թանկ է, սակայն ոչ իր արժեքի համար: Կարծում եմ՝ կարևորը միայն արժեքը չէ, այլ այն, թե ով և ինչ սրտով է մատուցում այդ նվերը»:
Այսօր արդեն Սոնայի օրն աշխատանքային է սկսվել. նա հրավիրված է եղել հարսանիքի, որի ժամանակ երգել է իր «Հարսի շոր» երգը: «Երեկոյան ևս հրավիրված եմ միջոցառման, որին պետք է երգեմ: Դրանից հետո հարազատներիս հետ կնշեմ ծնունդս: Այս տարի որոշել եմ ընտանեկան ծնունդ անել, չեմ ցանկանում մեծ շուքով նշել տարեդարձս»,- ասաց նա ու ավելացրեց, որ ամեն տարի մեծ երեկույթ է կազմակերպել տարեդարձի կապակցությամբ: «Միշտ էլ շատ լավ է անցել, բայց աղմկոտ միջավայրն արդեն հոգնեցուցիչ է, քանի որ անընդհատ դրա մեջ եմ»,- նկատեց երգչուհին: