«Պատանեկություն» ամերիկյան ժապավենը «լավագույն ֆիլմն» է ճանաչվել Մեծ Բրիտանիայի կինոյի եւ հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (British Academy Film Awards) մրցանակաբաշխության արարողությանը, որը փետրվարի 8-ի երեկոյան կայացել է Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Պատանեկություն» դրաման, որը մրցանակների էր հավակնում հինգ անվանակարգերում, արդյունքում արժանացել է երեք «բրոնզե դիմակի»: 2014 թվականին էկրաններ բարձրացած կինոնկարը պարգեւներ է ստացել նաեւ «լավագույն ռեժիսոր» (Ռիչարդ Լինքլեյթեր) եւ «կնոջ երկրորդ պլանի լավագույն դեր» (Պատրիցիա Արկետ) անվանակարգերում: Նվաճած «բրոնզե դիմակների» թվաքանակով Մեծ Բրիտանիայի հեղինակավոր կինոպարգեւի 68-րդ արարողության առաջատարը դարձել է «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»« տրագիկոմեդիան, որը հաղթել է հինգ անվանակարգում՝ &laqu o;լավագույն երաժշտական ուղեկցում», «լավագույն գրիմ եւ սանրվածքներ», «լավագույն հագուստներ», «լավագույն բեմադրող նկարիչ», ինչպես նաեւ «լավագույն օրիգինալ սցենար»:

 

«Լավագույն դերասան» է ճանաչվել Էդի Ռեդմեյնը, ով գլխավոր դերն է խաղացել «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում, որը մրցանակներ է ստացել նաեւ «լավագույն բրիտանական ֆիլմ» եւ «լավագույն ադապտացված սցենար» կատեգորիաներում:

 

«Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի» համար British Academy Film Awards-ի մրցանակն ստացել է Ջեյ Քեյ Սիմոնսը, որը նկարահանվել է «Մոլեգնություն» ֆիլմում:

 

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել ամերիկուհի Ջուլիանա Մուրը, որը խաղացել է «Դեռեւս Էլիս» դրամայում:

Տասն անվանակարգերում ներկայացված «Բյորդմենը» կարողացել է շահել միայն մեկ պարգեւ՝ «լավագույն օպերատորական աշխատանքի» համար:

 

Մեկ «բրոնզե դիմակ» բաժին է ընկել նաեւ ամերիկացի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելար» ֆանտաստիկ ֆիլմին՝ «լավագույն տեսողական էֆեկտների» համար:

 

«Լավագույն բրիտանական կարճամետրաժ ֆիլմ» է ճանաչվել ռեժիսոր Մայքլ Լենոքսի «Բուգալուն եւ Գրեմը» ժապավենը, իսկ «լավագույն բրիտանական կարճամետրաժ մուլտֆիլմ»՝ «Մեծ նկարը»: «Լեգո: Ֆիլմ» մուլտիպլիկացիոն կինոնկարն ընտրվել է որպես «լավագույն անիմացիոն ֆիլմ»:

 

«Քաղաքացի չորս» կինոժապավենը, որի հիմքում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հարցազրույցն է, British Academy Fim Awards-ի պարգեւն ստացել է «լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» կինոժապավենը մրցանակ է ստացել որպես «օտար լեզվով լավագույն ֆիլմ» (լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ)՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաֆան»-ից:

 

«Բրիտանական կինոյում նշանակալի ավանդի» համար British Academy Film Awards-ի մրցանակն ստացել է BBC Film կինոստուդիան, որի նկարահանած ֆիլմերի թվում են «Ալան Փարթրիջը», «Օղակը վզին» կինոնկարները:

 

Նշանավոր ռեժիսոր Մայք Լին British Academy Film Awards-ի բարձրագույն պարգեւն է ստացել կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար: Անցյալ տարի այդ անվանակարգում «բրոնզե դիմակի» էր արժանացել դերասանուհի Հելեն Միրենը: Տարբեր տարիների այդ մրցանակն ստացել են դերասաններ Չառլի Չապլինը, Շան Քոներին, Էլիզաբեթ Թեյլորը, Էնթոնի Հոփքինսը, Լոուրենս Օլիվիեն, Ջուդի Դենչը, Վանեսա Ռեդգրեյվը եւ ռեժիսորներ Ալֆրեդ Հիչքոքը, Սթիվեն Սփիլբերգը, Սթենլի Կուբրիկը եւ Մարտին Սկորսեզեն:

 

British Academy Film Awards-ը հիմնվել է 1947 թվականի ապրիլի 17-ին՝ «Կինոյի բրիտանական ակադեմիա» անվանումով, առաջին մրցանակը հանձնվել է 1948 թվականին: «Ոսկե գլոբուսի» հետ միասին British Academy Film Awards-ը գլխավոր «փորձն» է համարվում ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությոնից առաջ: