Հայոց ցեղասպանության ողջ արհավիրքն իր մաշկի վրա զգացած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերի հիման վրա 1918 թվականին Հոլիվուդում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարի մասին նկարահանվում է փաստավավերագրական ֆիլմ: Նոր ֆիլմի հեղինակն ու պրոդյուսերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտից, փետրվարի 5-ին ներկայացվել է նկարահանվող ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը. ֆիլմը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:
Արշալույսը Մարտիկյանների բազմադամ ընտանիքի երրորդ զավակն էր: Անհոգ մանկություն, անխռով ընտանեկան կյանք, ջութակահար դառնալու մանկական երազանք…
Գործի դրվեց հայերի բնաջնջման հրեշավոր նախագիծը: 1915 թվական, հունիս… Արշալույսը 14 տարեկան էր: Բռնագաղթ, կոտորածներ, բռնի թրքացում…Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առևանգվեցին գաղթի ճանապարհից: Արշալույսին հաջողվեց փախչել հարեմից: Երկու տարվա ընթացքում նա անցավ շուրջ 600 կմ, 85 ցենտով վաճառվեց Մալաթիայի, Ուրֆայի և Մուշի ստրկավաճառների շուկաներում, անցավ սարսափներով լի երկար ճանապահ և…Նա հայտնվեց ԱՄՆ-ում, որտեղ հրատարակվեց նրա հուշագրությունը` «Հոշոտված Հայաստան», ինչի հիման վրա էլ նկարահանվեց Հայոց ցեղապսանության մ ասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերում հենց նա էր` Արշալույս Մարտիկյանը` Ավրորա Մարդիգանյանը: Ֆիլմը բացառիկ հաջողություն գրանցեց, 30 միլիոն ԱՄՆ դոլարի հասույթ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի 60 հազար հայ որբերի կենսապահովմանը:
Ավրորան դարձավ հանրաճանաչ, սակայն նա աստղ դառնալուն պատրաստ չէր: Արշալույս-Ավրորայի պատմությունն ու ֆիլմը փակի տակ դրվեցին ու մոռացվեցին, մոռացվեց նաև Ավրորան: Նա մահացավ մենության մեջ` մերժված բոլորի կողմից:
Բայց նա պիտի հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով: