Ապրիլի 25-ից մեծ էկրան կբարձրանա Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» երիտասարդական դրաման։ Այս առթիվ իր տպավորություններով ու կարծիքներով կիսվել է ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Նարեկ Քթոյանը։
Ինչպե՞ս եղավ, որ նկարահանվեցիք «Ռոմանտիկներում»։
- Ինձ այս նախագիծը ոգևորեց, որովհետև երիտասարդների մասին է, ֆիլմը վեր է հանում այն խնդիրները, որոնք հետաքրքիր են երիտասարդությանը։ Բացի այդ, սա այն տարածված ֆիլմերից չէ, որտեղ առաջին պլանում է էժանագին հումորն ու ժարգոնը։ Թեև ֆիլմում ազատ խոսք կա, նույնիսկ հայհոյանքներ, սակայն դա գռեհկորեն չի մատուցվում։ Ավելացնեմ, որ այդ ամենը մատուցված է պրոֆեսիոնալ խմբի ու դերասանների կողմից։
Արդյո՞ք սա համարձակ ֆիլմ է։
- Լրագրողներն ու հասարակությունը շատ են կենտրոնանում «բաց տեսարան» ասվածի վրա, բայց հավատացնում եմ` այս դեպքում համարձակությունը բոլորովին ուրիշ տեղում է։ Ֆիլմում բարձրացված են շատ ավելի սուր հարցեր, այդ թվում` Ցեղասպանության խնդիրը, և պատահական չէ, որ մի շարք միջազգային մասնագետներ այն անվանել են շատ քաղաքական, հատկապես, Գերմանիայում։ Սակայն ճիշտ կլինի, որ այդ մասին խոսեն հենց հեղինակները:
Կարծում եմ՝ մշակույթի գերագույն խնդիրն է բուժել, կրթել ու դաստիարակել մարդկանց հոգին։ «Ռոմանտիկերի» նպատակը մշակութային արժեք ներկայացնելն է, սակայն դա արված է բոլորովին նոր մոտեցմամբ։
-Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Գոթենբորգի հեղինակավոր կինոփառատոնում, ի՞նչ տպավորություններ ունեցաք։
-Երբ օտար հանդիսատեսի առաջ փորձում էինք մեր ասելիքը տեղ հասցնել, պատասխանատվության զգացումը շատ մեծ էր: Շատ ուրախ եմ, որ հանդիսատեսի մեծ մասը ֆիլմի ավարտից հետո մնում էր դահլիճում ու մասնակցում հարց ու պատասխանին։ Կարևոր է, որ տարբեր ազգերի նարկայացուցիչներ՝ լեհեր, բրիտանացիներ, հրեաներ նույնիսկ ասորիներ, շատ բարձր գնահատեցին ֆիլմը։ Հաճախ էին մեզ շնորհակալություն հայտնում, որ վեր ենք հանում երիտասարդների կողմից մատուցված քաղաքական հարցեր ու չենք վախենում խոսել ոչ մի բանի մասին, և սա լիովին նոր մոտեցում էր հատկապես Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ։
-Ի՞նչ կմաղթեք հանդիսատեսին։
-Հանդիսատեսին ուզում եմ հիշեցնել, որ սա մի ֆիլմ է, որը դիտելուց հետո շատ հարցեր կառաջանան ու մտորելու առիթ կստեղծեն։ Բայց նաև կուզենայի նշել, որ սուր զգացումներն անպակաս կլինեն։