Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղ դերասանուհի Էմմա Ուոթսոնը գլխավոր դերը կկատարի «Գեղեցկուհին եւ հրեշը» անիմացիոն կինոնկարի ռեմեյքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դերասանուհին հայտնել Է Facebook-ի՝ իր Էջում:

 

«Վերջապես ես կարող եմ պատմել այն մասին, որ կկատարեմ Բելլի դերը հեքիաթի դիսնեյական Էկրանավորման մեջ: «Գեղեցկուհին եւ հրեշը» մուլտֆիլմն իմ մանկության մի մասն Է եղել, ուստիեւ ինձ անհավանական Է թվում, որ ես պետք Է պարեմ Be Our Guest-ի տակ եւ երգեմ Something There-ը»,- գրել Է 24-ամյա Ուոթսոնը՝ հավելելով, որ շուտով կսկսի վոկալի դասեր առնել:

 

Ֆիլմի ռեժիսորը կլինի Բիլ Քոնդոնը («Աստվածներ եւ հրեշներ», «Մթնշաղ: Սագա: Լուսաբաց», «Հինգերորդ իշխանությունը»), իսկ սցենարը կգրի Սթիվեն Չբոսկին, որն Ուոթսոնի հետ աշխատել Է «Լավ Է սուսիկ-փուսիկ լինել» կինոնկարում, նշել Է The Huffington Post-ը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս տարի:

 

Էմմա Ուոթսոնը լայն հռչակ Է ձեռք բերել Հարի Փոթերի մասին ֆիլմաշարում Հերմիոնա Գրեյնջերի դերի շնորհիվ: Փոթերապատումի ավարտից հետո դերասանուհին նկարահանվել Է «7 օր եւ գիշեր Մերիլինի հետ», «Լավ Է սուսիկ-փուսիկ լինել», «Բարձրաշխարհիկ հասարակություն» եւ «Աշխարհի վերջը 2013. Հայտնություն հոլիվուդյան ձեւով», «Նոյ» ֆիլմերում: