Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլիի «Անկոտրումը» կինոնկարը ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայ կինոսերները հունվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցեցին Ջոլիի ռեժիսորական աշխատանքի հայաստանյան պրեմիերային: Կինոնկարն անտարբեր չթողեց հայ հանդիսատեսին: Ֆիլմի հիմքում իրական հերոսի իրական պատմությունն է:


«Անկոտրումը» ֆիլմը պատմում է իտալական արմատներով ամերիկյան հերոսի` Լուի Զամպերինիի մասին, ով 1936 թվականին ամառային Օլիմպիական խաղերում ներկայացրեց ԱՄՆ-ը: Սակայն Զամպերինիի մարզական կարիերայի «ծաղկման շրջանը» համընկավ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: 1943 թվականին Խաղաղ օվկիանոսում կործանիչի ռմբակոծումից հետո Լուի Զամպերինին գերի է ընկնում ճապոնացիներին:

 

«Universal Pictures» ընկերությունը 2010 թվականին արդեն գնել էր «Անկոտրումը. Գոյատևման պատմություն» գրքի էկրանավորման իրավունքները, որն այդ թվականին «Los Angeles Times»  պարբերականի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն վավերագրական գիրք: Այնուհետև կինոստուդիան Անջելինա Ջոլիին առաջարկեց դառնալ ֆիլմի ռեժիսորը, ով այդ շրջանում ապրում էր Կալիֆորնիայում` Զամպերինիի հարևանությամբ: Դերասանուհին «գերվել էր» Զամպերինիի  կենսագրությամբ և անցած ճանապարհով: Ֆիլմի գլխավոր դերակատարը բրիտանացի Ջեք Օ`Քոնելն է:

 

Ինքը Զամպերինին է հավանություն տվել Ջոլիի կինոնկարին՝ ասելով. «Ես գիտեմ, որ նա այդ պատմությունը ճիշտ ուղղությամբ է պատմելու»:

 

Ֆիլմի գլխավոր հերոսը` Լուի Զամպերինին մահացավ 2014 թվականին` 97 տարեկանում: Ֆիլմը նկարահանվել է Ավստրալիայում 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի փետրվարը: