ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձի մասին «Հարցազրույց» կատակերգական մարտաֆիլմը Սուրբ Ծննդի օրը՝ դեկտեմբերի 25-ին, կցուցադրեն ԱՄՆ-ի տարածքի ավելի քան 200 անկախ կինոթատրոններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս որոշումը կայացրել է կինոժապավենը նկարահանած Sony Pictures ընկերությունը:

 

Կինոնկարն ավելի վաղ հետ էր կանչվել լայն վարձույթից դրա շուրջը ծագած միջազգային սկանդալի պատճառով: Sony Pictures Entertainment-ը հաքերների սպառնալիքների պատճառով չեղյալ էր հայտարարել ամերիկյան պրեմիերան, որը նախատեսված էր դետեմբերի 25-ին: Ինչպես նշվել է, «Խաղաղության պահապաններ» (Guardians of Peace) խմբից հաքերները, որոնք «կոտրել» էին ընկերության համակարգչային ցանցը, պլանավորում են «2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների օրինակով» ԱՄՆ-ում գրոհներ կազմակերպել այն կինոթատրոնների վրա, որտեղ տեղի կունենա «Հարցազրույց » կինոժապավենի ցուցադրությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: