Դերասան Սարգիս Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: 35-ամյակի կապակցությամբ դերասանին առաջինը կինն է շնորհավորել՝ Մանոն: Կեսգիշերին Սարգսին անակնկալ են մատուցել նաև բալիկները՝ Էվան և Յանան. Մանոյի նախաձեռնությամբ տեսանյութ էր պատրաստվել, որտեղ փոքրիկները երգում էին «Happy Birthday» և ասում, թե ինչքա՜ն են սիրում հայրիկին:)

 

 

«Կեսգիշերին կիսաքնած նայեցի դա, միայն առավոտյան զգացի, թե  ինչ կարևոր բան են արել: Հասկացա, որ հենց դա է ամենը: Դա և տխրեցնում է դրական առումով, քանի որ զգում եմ՝ ես մեծացել եմ, արդեն մի սերունդ էլ է գալիս, բայց և շա՜տ է ուրախացնում: Չեմ թաքցնի՝ նաև մի քիչ հուզվեցի»,- անկեղծացավ դերասանը:

Սարգիսը խոստովանեց, որ ժամանակի հետ սկսել է տխրել տարեդարձի կապակցությամբ, քանի որ զգում է, որ արդեն երիտասարդ չէ: «Այս տոնն ինձ համար այլևս այն ուրախությունը չէ, ավելի շատ՝ հաշվետվություն է: Երեխաներն արդեն «ձյաձյա» են ասում ու նեղվում ես դրանից…»,- նշեց նա:

 

 

Սարգսի փոխանցմամբ՝ իր մոտ բավականին ծանրաբեռնված շրջան է և օրը սկսել է աշխատանքային մթնոլորտում: Նախորդ տարի դերասանը ESem.am-ին ասել էր, որ հոբելյանական 35-ամյակի կապակցությամբ մեծ տոն կկազմակերպի: Այս տարի, սակայն, նա մեծ  երեկույթ չի կազմակերպել՝ զբաղվածության պատճառով: Այդուհանդերձ, երեկոյան նա մտերիմների հետ կնշի տարեդարձը, որին ներկա կլինեն «Վիտամինցի» Արմուշը, դիջեյ Սմոքը և այլք:

 

 

«Կարծում եմ՝ ծնունդը կամ նորմալ են նշում, կամ չեն նշում: Ես չէի ցանկանա կիսատ-պռատ անել ծնունդս: Համենայն դեպս՝ ինձ համար ամենամեծ ուրախությունն այն է, որ երեխաներս արդեն հասկանում են, որ պապայի ծնունդն է: Ավելի շատ այսօր ծնունդս անում եմ երեխաներիս համար, որպեսզի տորթի մոմերը փչեն և ուրախանան, իրենք ծնունդ ասելով դա են հասկանում»,- նշեց հայրիկը:

Սարգիսը երեք երազանք-նպատակ ունի, որոնք նա միշտ մտապահել է: «Առաջինը՝ ուզում եմ ընտանիքս առողջ լինի, երկրորդը՝ ուզում եմ Մանոն մյուս տարի տղա պարգևի ինձ, կամ գոնե ջրցանը գցի:) Երրորդ՝ ուզում եմ, որ խաղաղություն լինի, դա իսկապես շատ կարևոր է»,- ասաց դերասանը:

ESem.am-ը շնորհավորում է Սարգսին և մաղթում երազանքների իրականացում, իսկ ընթերցողներին ներկայացնում է դերասան ամուսինների նոր ֆոտոշարքը:

 

 


Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը