Այսօր ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր Բրեդ Փիթի ծննդյան օրն է: Նա դարձավ 51 տարեկան: Փիթը «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է և երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։


Դերասանը ծնվել է Օկլահոմա նահանգի  Շաուն քաղաքում։ Նրա հայրը՝ Ուիլյամ Փիթը, աշխատում էր որպես մենեջեր բեռնափոխադրման ընկերությունում, իսկ մայրը՝ Ջեյն Էտտա Հիլհաուսը` որպես ուսուցչուհի։


 Դպրոցում Փիթը ակտիվորեն զբաղվում էր սպորտով, երաժշտությամբ և դպրոցի ուսանողական հարցերով։ Դպրոցից հետո ընդունվում է Միսսուրի-Կոլումբիա համալսարանը, որտեղ ուսումնասիրում էր լրագրություն և գովազդ։ Համալսարանը ավարտելուց հետո նա որոշում է դառնալ դերասան և ուղևորվում է Հոլիվուդ։

Մինչ Փիթին սկսեցին դերեր առաջարկել, նա աշխատում էր որպես վարորդ կահույքի սրահում և անգամ «El Pollo Loco» սրճարանների ցանցում, որտեղ հագնում էր մեծ հավի հանդերձանք և հրավիրում մարդկանց՝ այցելելու սրճարանը։ Այս ամենին զուգահեռ նա այցելում էր դերասանական վարպետության դասընթացներ։ Լուրջ դերասանական կարիերան սկսեց այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին խաղալ «Դալլաս» հեռուստասերիալում։