Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին 2015թ. ապրիլին կայցելի Հայաստան:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շրջանառվող լուրն Instagram-ի իր էջում հաստատել է System Of A Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը: «Լուրեր են պտտվում, թե Ջորջ Քլունին հաջորդ ապրիլին մեզ հետ մեկնելու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»,- գրել է Թանկյանը:


System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը դեկտեմբերի 13-ին էր Լոս Անջելեսի The Forum համերգասրահում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):

 

Ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (Արթնացրեք հոգիները) խորագրով:

 

«Խումբը, ինչպես գիտեք, երկար տարիներ պայքար է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Նրանց արվեստը բարձր գնահատանքի է արժանացել ամբողջ աշխարհում, հատկապես երիտասարդների շրջանում: Երևանյան համերգը կկայանա միջազգային համերգաշարի շրջանակներում, որը կընդգրկի Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա քաղաքները»,- Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան` հավելելով, համերգ-ակցիան ուղղված կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը եւ կլինի անվճար:

 

System of a Down-ը մետալ խումբ է, որը ստեղծվել է 1994 թ. Լոս-Անջելեսում: Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ): Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down: