4 տարի անց Դավիթ Ամալյանը կրկին ներկայացավ մենահամերգով: Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում երեկ կայացավ հեղինակ-կատարողի հանդիպումը երկրպագուների հետ: Ներկայացնելով հայտնի ու սիրված ստեղծագործությունները՝ նա խոսում էր դրանց նախապատմության, իր ապրումների մասին, ինչպես հատուկ է իրեն:
Այս համերգին ելույթ ունեցավ նաև երգահանի որդին: «Ինձ համար կարևոր չէ՝ ոնց, կարևոր է՝ ինչ: Այս երգի մեջ պետք է ջութակ նվագեին: Ես կարևորեցի՝ ով կնվագի, ոչ թե ոնց: Տղաս է նվագում»,- ասաց նա ու բեմ հրավիրեց որդուն՝ Վարդանին, և տիկնոջը՝ Արմինե Ամալյանին, ում հետ ներկայացավ զուգերգով:
Մեկ այլ զուգերգով երգահանի հետ ներկայացավ Արմեն Ադամյան կրտսերը: Ստեղծագործությունը կոչվում է «Բայրոնի երգ», քանի որ երգահանը նրա խոսքերն է օգտագործել: Դավիթ Ամալյանը խոստովանեց, որ ռոքային ժանրի նոր ստեղծագործությունն նպատակ է ունեցել կատարել Արմեն Ադամյանի հետ, ավաղ չհասցրեց... «Վերջին համերգս 4 տարի առաջ էր, դրանից հետո շատ ընկերների եմ կորցրել: Երազանքս անկատար մնաց…»,- ասաց նա:
Հիշելով կորցրած ընկերներին՝ հեղինակ կատարողը կատարեց նաև «Պատիվ ունեմ» երգը՝ հշելով, որ այն գրել է իր ընկերներից մեկի հիշատակին, սակայն հասկացել է, որ նա երգի միակ հասցեատերը չէ: «Բոլորս մի օր ծնվում ենք, մի օր՝ մահանում , բայց էս երգը նվիրվում է այն ընկերներիս, ում առաջ ինձ մի քիչ մեղավոր եմ զգում: Նրանց բախտ չվիճակվեց թշնամու ձեռքով կամ պատահական մահանալ, նրանք դավաճանության զոհ դարձան... Ուզում եմ՝ էդ անտեր դավաճանության պատճառով չմահանանք, էլի: Թող դա վերանա: Էս երգը վերաբերում է նաև Վազգենին, Հրաչին...»,- շեշտեց նա:
«Տեսնես ո՞րն է ճիշտ» երգի կատարման համար Դավիթ Ամալյանը բեմ հրավիրեց դերասան Խորեն Լևոնյանին: Նա նշեց, որ այս երգի՝ իր և Խորենի մեկնաբանությունները տարբեր են, ինքը երգում է, Խորենը՝ խոսքն է տեղ է հասցնում:
Խորեն Լևոնյանն էլ շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Դավիթ Ամալյանի մենահամերգին: «Ինձ համար Դավիթ Ամալյան անուն-ազգանունը հայրենասիրության և տղամարդկության մարմնավորում է»,- ընդգծեց դերասանը:
Մենահամերգի ավարտին Դավիթ Ամալյանն իր շնորհակալությունը հայտնեց, բոլոր ընկերներին, ովքեր իրեն օգնել են կազմակերպչական հարցերում, նվագախմբի տղաներն ու, իհարկե, հանդիսատեսին՝ ներկայության համար:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը