Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար  2014 թվականը հագեցած էր հետաքրքիր իրադարձություններով: Նվագախումբն այս տարի համերգային շրջագայություններ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: ՀՊԿՆ-ն և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն ունկնդրի համար անակնկալ են պատրաստել:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա յուրահատուկ համերգով:

 

«Մեկ համերգի ընթացքում բեմում միաժամանակ կլինեն չորս դաշնակահար՝ ես, Սվետլանա Նավասարդյանը, Տրիստան Պֆաֆը և Օլիվյե Պեյրբրյունը: Համերգը կազմակերպելու միտքը ծագեց դեռևս նախորդ տարի՝ Ժնևում, որտեղ հանդես եկա երեք շվեյցարացի դաշնակահարների հետ: Մտածեցի, որ այդպիսի բան կարելի է անել Հայաստանում, որտեղ նման համերգ վաղուց տեղի չի ունեցել»,-նշեց ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավարը:

 

 

 

Նրա խոսքով՝ Հայաստանում բարդ է չորս դաշնամուր գտնել, բայց այդ հարցն էլ ստացվեց լուծել: «Ցանկություն ունեմ նաև այս համերգով կամուրջ կապել Հայաստանի և Ֆրանսիայի միջև: Պետք է կարողանանք հայ երաժշտությունը ներկայացնել Ֆրանսիայում և ընդհակառակը՝ ֆրանսիական երաժշտությունը՝ Հայաստանում»,-հավելեց նա: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Բախի և Ռավելի գործերը:

 

Խոսելով 2014 թվականի և նվագախմբի հաջողությունների մասին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ տարին բավականին հետաքրքիր էր:

 

 

 

«Հունվարից սկսած համերգներ ունեցանք Ռիշար Գալիանոյի, Ֆեդերիկո Մոնդելչիի և այլ երաժիշտների հետ, մասնակցեցինք մի շարք փառատոնների: Հայաստանի պետական կամերային նվագախումբը սեպտեմբերի 3-12-ը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայի և Շվեյցարիայի քաղաքներում: Ունեցանք 8 համերգ, որոնցից 5-ը՝ Ֆրանսիայում, 3-ը՝ Շվեյցարիայում: Շատ հրավերներ ստացանք, շատ լավ ընդունեցին մեզ: Ուր էլ գնացել ենք՝ մեծ հաջողություն ենք ունեցել: Հաջորդ տարի հնարավոր է 15 համերգով հանդես գանք Ֆրանսիայում և Շվեյցարիայում»,-նշեց ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավարը:

 

Նրա խոսքով՝ նվագախումբը շարունակում է զարգանալ, աճել: «Երբ նոր երաժիշտներ են գալիս, հասկանում ենք, որ մեր նվագախմբի ապագան ապահովված է: 20-22 տարեկան երեք նոր երաժիշտ են համալրել նվագախմբի կազմը, դեռ ուսանողներ են, բայց շատ լավ կատարողներ, մրցույթի արդյունքում ենք հայտնաբերել նրանց`մասնակիցներից լավագույններին»,-ուրախությամբ փաստեց Մարտիրոսյանը: