Հնդկաստանի հյուսիսի գյուղերից մեկի ավելի քան 200 բնակիչներ դարձել են երկու կապիկների հարսանիքի հյուրերը, որոնք ամուսնացել են գունեղ արարողությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հարսանիքը կազմակերպվել է կապիկների տիրոջ ցանկությամբ, ով հայտարարել է, թե «փեսան իրեն այնքան մտերիմ Է, ասես իր հոգեորդին լինի»: 

Կապիկներին մեծ տեղ է տրվում հինդուիստական առասպելաբանության մեջ, նրանք հաճախ ապրում են տաճարներում և օգտվում հավատացյալների նվիրաբերություններից:

 

Գյուղացի Ուդեշ Մախտոն Ռամու մականունով կապիկին յոթ տարի առաջ գնել է Նեպալում: Ավելի ուշ գյուղական տոնավաճառում նա ձեռք Է բերել նրա ընկերուհուն՝ Ռամդուլարիին:

 

Սկզբում նրանք միմյանց չԷին ընդունում, բայց հետո՝ սկսվեց սերը, եվ ես որոշեցի նրանց ամուսնացնել»,-բացատրում Է կապիկների տերը:

 

 

 

Հարսանեկան արարողության ընթացքում, որը տեղի է ունեցել Բիհարի նահանգում, հարսնացուն հագել էր նարնջագույն սարաֆան, իսկ փեսան՝ դեղին շապիկ: Նրանց գյուղով մեկ պտտեցրել են ծաղիկներով զարդարված հարսանեկան լիմուզինի տանիքին՝  երաժշտության և հավաքվածների պարերի ուղեկցությամբ:

 

Ես երջանիկ եմ, որ կարողացա առաջինն ամուսնացնել իմ առաջնեկին՝ Ռամուին, հայտարարել է Մախտոն, որը եւս երեք իսկական որդիներ ունի:

 

Ամուսնությունն «օրհնել» է տեղի հոգևորականը՝ Սունիլ Շաստրին:

 

«Ես չէի ցանկանում դրան մասնակցել,-պատմել է նա,- բայց հետո հասկացա Մախտոյի մտադրության լրջությունը: Մենք միասին որոշեցինք հարսանիքի օրը և ժամը, ուղարկեցինք հրավիրատոմսերը, վարձեցինք երաժիշտների և հյուրասիրություն պատրաստեցինք հյուրերի համար»:   

 

Հարսանիքին եկել էին նաև հարեւան գյուղերի շատ բնակիչներ, որոնք ցանկանում էին մասնակցել արարողությանը և լուսանկարվել նորապսակների հետ, որպեսզի հետո լուսանկարներով պարծենան սոցիալական ցանցերում:

 

Կապիկների հարսանիքը նորություն չէ Հնդկաստանում: Այսպես, 2008 թվականին կապիկների ամուսնության արարողություն է տեղի ունեցել Օրիսայի նահանգում, որին ներկա են եղել 3 հազար հյուրեր, հաղորդել Է BBC-ն: