Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան հայտնի ջութակահար Սերգեյ Կրիլովը և դաշնակահար Վահան Մարտիրոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՖՆ մամուլի ծառայությունից, համերգը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: Կհնչեն Բախի, Մենդելսոնի և Չայկովսկու ստեղծագործությունները: Որպես դիրիժոր հանդես կգա ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2014-2015թթ. համերգաշրջանը ազդարարվեց Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Լավագույն մենակատարներին և դիրիժորներին համախմբող և արդեն ութերորդ անգամ մայրաքաղաքում անցկացվող տոնը մեկնակեց սեպտեմբերի 12-ին:

 

Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 24-ին: ՀՊՖՆ-ը և Էդուարդ Թոփչյանը հանդես կգան ֆլեյտահար Մասիմո Մերչելիի, կիթառահար Ֆաբիո Զանոնի և դաշնակահար Սիմոն Տրպչեսկու հետ : Փառատոնի փակման համերգին տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու Ֆլեյտայի կոնցերտի պրեմիերան: