Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները գոհ են կինոտոնի արդյունքներից:  Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին նվիրված կինոտոնը եզրափակվեց հուլիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ հանդիսավոր արարողությամբ:


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը հուլիսի 20-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսի ընթացքում շնորհակալություն հայտնեց լրագրողներին, հանդիսատեսին և ժյուրիի անդամներին, ովքեր լուրջ մոտեցան իրենց գործին: «Ես հասկացա, որ փառատոնը մի էներգետիկ միջուկ ունի, որի շուրջ հավաքում է բոլոր մարդկանց, ովքեր սիրում են արվեստը: Մեր ժյուրին շատ բարձր մակարդակ ուներ, և մեր հանդիսատեսը բավականին ֆիլմեր նայեց: Հայաստանի համար նման փառատոն կազմակերպելը հերոսություն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը:

 

Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ Վիկտորիա Բելոպոլսկայան ընդգծեց, որ իր համար հաճելի էր աշխատել որպես ժյուրի: «Այս ծրագրում ներգրավված էի բավականին իրարից տարբերվող ֆիլմեր: Այդ իմաստով ընտրությունը բավական բազմազան էր»,-նշեց Բելոպոլսկայան:

 

«Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրիի անդամ Մարիա Սահակյանի կարծիքով` հայկական կինոն վերջին մի քանի տարվա ընթացքում մեծ աճ արձանագրեց:  «Իհարկե, սա «Ոսկե ծիրանի» շնորհիվ էր, որովհետև փառատոնի ստեղծած մթնոլորտն է նպաստում դրան: Եթե Հայկական համայնապատկեր ծրագրում նախորդ տարիներին շատ դժվար էր ֆիլմ ընտրել, որ արժանի լինի մրցանակի, ապա այս տարի տեսնում ենք, որ ֆիլմերն արժանի են ստանալ մրցանակ»,-նշեց Մարիա Սահակյանը:

 

«Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակն այս տարի բաժին հասավ Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմին: Այն ճանաչվեց լավագույն խաղարկային ֆիլմ: Վավերագրական ֆիլմերի մրցույթում հաղթող ճանաչվեց Ջիովանի Դոնֆրանչեսկոյի «Քարե գետը»: «Հայկական համայնապատկեր» ծրագրում լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակ ստացավ Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» կինոնկարը, իսկ խաղարկային ֆիլմի համար ոսկե ծիրանի արժանացավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույնը ճանաչվեց Օմար Ռոբե րտ Համիլթոնի «Թեև գիտեմ, որ գետը չոր է» գործը: Էկումենիկ ֆիլմերի ժյուրին մրցանակ հանձնեց Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմին: FIPRESCI-ի մրցանակը ստացավ Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմը:

 

Մի շարք ֆիլմերի շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ և պատվոգրեր: Հաղթողներն արժանացան նաև դրամական պարգևների: Մրցանակներ հանձնվեցին նաև փառատոնի հյուրերին և աջակիցներին: Փառատոնը  «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացրեց փառատոնի այս տարվա պատվավոր երկու հյուրերին` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին: Փառատոնի տնօրինությունը Փարաջանովյան հատուկ հուշամեդալ շնորհեց  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Արարողութ յան ավարտին Հարություն Խաչատրյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհեց «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշան:

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։