Ամեն երեխա, անգամ եթե նա սնվում է մոր կաթով, ռախիտը կանխելու համար պետք է չորս-վեց շաբաթականից բժշկի նշանակմամբ ստանա վիտամին, իսկ երկու ամսական հասակից՝ ձկան յուղ, որը D վիտամինից բացի, պարունակում է նաև A վիտամին։

Սկզբում հարկավոր է օրական 1 անգամ տալ կես թեյի գդալ ձկան յուղ, մեկ շաբաթից հետո՝ 2 անգամ կեսական թեյի գդալ, իսկ երեք ամսական հասակից՝ օրական 2 անգամ մեկական թեյի գդալ։

C վիտամինը հում մրգա-հատապտղային կամ բանջարեղենային հյութերի ձևով պետք է տալ երեք-չորս ամսական հասակից այն երեխաներին, ովքեր կերակրվում են մոր կրծքով։ Արհեստական սնուցման դեպքում հյութերը պետք է տալ երկու ամսական հասակից։

Սկզբում օրական տալիս են 1-2 թեյի գդալ՝ աստիճանաբար հյութի քանակը հասցնելով օրական մինչև 2 ճաշի գդալի։ 6 ամսականից մեծ երեխաներին կարելի է տալ օրական 2 անգամ երկուական ճաշի գդալ հյութ։

Հյութերը պետք է տալ պատրաստելուց անմիջապես հետո, քանի որ երկար պահելու դեպքում վիտամինների քանակը մեծ չափով պակասում է։ Հյութերը պետք է պատրաստել մաքուր լվացած ձեռքերով, թարմ, լավ լվացած հատապտուղներից, մրգերից և բանջարեղենից։

Հյութերը կարելի է պահել միայն մի քանի ժամ՝ կափարիչով կամ խցանով փակված, հախճապակյա կամ ապակյա ամանում, հով ու մութ տեղում։

Ի դեպ, C վիտամինով ամենից ավելի հարուստ են սև հաղարջը և կաղամբը, ինչպես նաև մասուրի եփուկը։