Ըստ ԱՄՆ-ի Երիկամների ազգային հիմնադրամի' առնվազն 96 645 ամերիկացի երիկամի փոխպատվաստման կարիք ունի: Այդուհանդերձ, դոնորների սակավության պարճառով տարեկան կատարվում է ավելի քիչ քան 17 000 վիրահատություն:
Հաշվի առնելով այս ամենը' Ֆլորիդայի համալսարանի գիտնականները սկսել են դիտարկել այն վարկածը, որ կարելի է փորձել մարդկանց փոխպատվաստել խոզերի երիկամներ:
Հետազոտության ընթացքում գիտնականները խոզի երիկամն օգտագործել են որպես կաղապար, որի վրա աճեցրել են հիվանդի ցողունային բջիջները:
Ըստ գիտնականների' նոր օրգանը փոխպատվաստման համար պիտանի կլինի մի քանի ամիս անց, և հիվանդները ստիպված չեն լինի մի քանի տարի փոխպատվաստման սպասել:
Բանն այն է, որ խոզի բջջային կաղապարում պարունակվում են յուրատեսակ նյութեր, որոնք ցողունային բջիջներին " հուշում են", թե ինչպիսին պետք է դառնան վերջիններս և որ հյուսվածքների բաղադրության մեջ պետք է մտնեն: Աճման ընթացքում բջիջներն իրար քիմիական ազդակներ են փոխանցում:
Մասնագետները նշում են, որ նման մեթոդը թույլ կտա փոխհատուցել առողջ դոնորական երիկամների համաշխարհային դեֆիցիտը: