Ուրախալի լուր ստացվեց Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից: 2009թ ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը արու զավակ է ունեցել, ում անվանակոչել են նրա ամուսնու ՝ Էրիկի հոր անունով' Վաչե: Անվանի ծանորդուհին, ով 2011թ ապրիլի 26-ին Վանաձոր –Գյումրի ավտոճանապարհին ավտովթարի ենթակվեց և լուրջ կոտրվածքներ էր ստացել, անհավատալի տոկունություն ու կամք դրսեւորեց' հաղթահարելով մի քանի բարդ վիրահատություններ: Մարզուհին այն ժամանակ հայտարարեց. եթե ոչ մի խանգարող հանգամանք չլինի, նպատակ ունի կրկին Մեծ սպորտ վերադառնալ: Նազիկ Ավդալյանի ամուսինը վանաձորցի նախկին ծանրորդ Էրիկ Կարապետյանն է: Նշենք, որ Գյումրիում ծնված մարզուհին վանաձորցի ամուսնու եւ նրա ընտանիքի հետ այժմ բնակվում է Երեւանում: Նազիկը ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի է հռչակվել 2009 թ նոյեմբերի 25-ին, Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնուհին։ Նույն տարում նա պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Նազիկ Ավդալյանը նաեւ 69 կգ քաշային կարգի 2008թ Եվրոպայի չեմպիոնուհի է, ինչպես նաեւ 2007 եւ 2009 թթ առաջնությունների արծաթե մեդալակիր:

Footspot.am կայքի ողջ աշխատակազմը սրտանց շնորհավորում է Նազիկ Ավդալյանին եւ Էրիկ Կարապետյանին իրենց առաջնեկի ծննդյան առթիվ: